²⁶ Եվ Աստված ասաց. «Մարդ ստեղծենք ըստ մեր պատկերի և նմանության, և թող իշխեն ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի կենդանիների և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»։ ²⁷ Եվ Աստված ըստ իր պատկերի ստեղծեց մարդուն։ Ըստ Աստծու պատկերի ստեղծեց նրան։ Արու և էգ ստեղծեց նրանց։
⁷ Եվ Տերը՝ Աստված, մարդուն ստեղծեց երկրի հողից, նրա դեմքին կյանքի շունչ փչեց, և մարդը եղավ ապրող էակ։ ⁸ Աստված դրախտը տնկեց Եդեմում՝ արևելքում, և այնտեղ դրեց իր ստեղծած մարդուն։ ⁹ Տերը՝ Աստված, երկրից նաև բուսցրեց ամեն տեսակի ծառ. գեղեցիկ՝ տեսնելու, և համեղ՝ ուտելու համար։ Դրախտի մեջ բուսցրեց նաև կենաց ծառը և բարու ու չարի գիտության ծառը։
¹⁵ Տերը՝ Աստված, վերցրեց իր ստեղծած մարդուն և դրեց բարօրության դրախտում [𝕸 Էդենի պարտեզում], որպեսզի մշակի և պահպանի այն։ ¹⁶ Տերը՝ Աստված, պատվիրեց Ադամին՝ ասելով. «Դրախտում եղած ամեն մի ծառից կարող ես ուտել, ¹⁷ բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, անպայման կմեռնեք»։ ¹⁸ Տերը՝ Աստված, ասաց. «Լավ չէ, որ մարդը միայնակ լինի։ Նրան իր նման մի օգնական ստեղծենք»։ ¹⁹ Եվ Տերը՝ Աստված, ստեղծեց նաև վայրի բոլոր գազաններին և երկնքի բոլոր թռչուններին ու բոլորին բերեց Ադամի մոտ՝ տեսնելու, թե նրանց ի՛նչ է անվանելու։ Ադամն ինչ անուն որ տվեց ամեն մեկին, այն էլ եղավ դրա անունը։ ²⁰ Այսպիսով Ադամն անուններ տվեց բոլոր անասուններին, երկնքի բոլոր թռչուններին և վայրի բոլոր գազաններին, բայց Ադամին իրեն նման օգնական չգտնվեց։ ²¹ Եվ Տերը՝ Աստված, թմրություն բերեց Ադամի վրա, և նա նիրհեց։ Ապա հանեց նրա կողոսկրերից մեկը և այդ տեղը լցրեց մսով։ ²² Տերը՝ Աստված, Ադամից վերցրած կողոսկրից կին արարեց և նրան բերեց Ադամի մոտ։ ²³ Եվ Ադամն ասաց. «Արդ, սա ոսկոր է իմ ոսկորներից և մարմին՝ իմ մարմնից։ Սա թող կին կոչվի, որովհետև իր ամուսնուց վերցվեց»։ ²⁴ Այդ պատճառով տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և գնա իր կնոջ հետևից, և երկուսը մեկ մարմին պիտի լինեն։ ²⁵ Երկուսն էլ՝ թե՛ Ադամը և թե՛ իր կինը, մերկ էին, սակայն չէին ամաչում։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia
0:00
0:00