¹ Երկրի վրայի բոլոր գազաններից, որոնց Տերը՝ Աստված, ստեղծեց, ամենախորամանկը օձն էր։ Եվ նա ասաց կնոջը. «Աստված ինչո՞ւ ասաց. “Դրախտում գտնվող ոչ մի ծառից չուտեք”»։ ² Կինը պատասխանեց օձին. «Դրախտի ծառերի պտուղներից կարող ենք ուտել, ³ բայց այն ծառի պտղի համար, որ դրախտի մեջտեղում է, Աստված պատվիրեց. “Չուտե՛ք դրանից և չդիպչե՛ք դրան”, որպեսզի չմեռնենք»։ ⁴ Օձն ասաց կնոջը. «Ամենևին էլ չեք մեռնի, ⁵ այլ պարզապես Աստված գիտեր, որ այն օրը, երբ դրանից ուտեք, կբացվեն ձեր աչքերը, և կլինեք աստվածների նման՝ ճանաչելով բարին ու չարը»։ ⁶ Եվ կինը տեսավ, որ ծառի պտուղը լավ է ուտելու համար, հաճելի աչքերին՝ նայելու համար և գրավիչ՝ տեսնելու համար, վերցրեց նրա պտղից, կերավ և տվեց իր ամուսնուն, որ իր հետ էր, և կերան։ ⁷ Երկուսի աչքերն էլ բացվեցին, և հասկացան, որ մերկ են։ Թզենու տերևներ կարելով՝ իրենց համար գոգնոցներ պատրաստեցին։ ⁸ Երեկոյան Ադամն ու իր կինը լսեցին Տիրոջ՝ Աստծու՝ դրախտում քայլելու ձայնը և թաքնվեցին Աստծուց դրախտի ծառերի մեջ։ ⁹ Տերը՝ Աստված, կանչեց Ադամին ու ասաց նրան. «Որտե՞ղ ես»։ ¹⁰ Նա պատասխանեց. «Լսեցի դրախտում քո ձայնը և վախեցա, քանի որ մերկ էի, և թաքնվեցի»։ ¹¹ Այն ժամանակ նրան ասաց. «Ո՞վ հայտնեց քեզ, թե մերկ ես։ Արդյոք կերա՞ր այն ծառից, միայն որի՛ց պատվիրել էի քեզ չուտել»։ ¹² Ադամն ասաց. «Կինը, որին ինձ ընկեր տվեցիր, նա՛ տվեց ինձ այդ ծառից, և կերա»։ ¹³ Տերը՝ Աստված, ասաց կնոջը. «Ինչո՞ւ այդ արեցիր»։ Կինն ասաց. «Օձը խաբեց ինձ, և կերա»։ ¹⁴ Եվ Տերը՝ Աստված, ասաց օձին. «Քանի որ այդ արեցիր, անիծյա՛լ լինես դու բոլոր կենդանիների ու վայրի գազանների մեջ, սողաս քո կրծքի և որովայնի վրա և հող ուտես քո ողջ կյանքի ընթացքում։ ¹⁵ Թշնամություն պիտի դնեմ քո և կնոջ միջև, ինչպես նաև քո զավակի ու նրա զավակի միջև։ Նա պիտի ջախջախի քո գլուխը, իսկ դու պիտի խայթես նրա գարշապարը»։ ¹⁶ Իսկ կնոջն ասաց. «Պիտի անչափ բազմացնեմ քո ցավերն ու քո հառաչանքները։ Ցավերով պիտի զավակներ ծնես, քո ամուսնուն պիտի հնազանդվես, և նա պիտի իշխի քեզ վրա»։ ¹⁷ Ադամին էլ ասաց. «Քանի որ անսացիր քո կնոջ ձայնին և կերար այն ծառից, որի՛ց միայն քեզ պատվիրել էի չուտել, թող անիծյալ լինի հողը, երբ այն մշակես։ Քո կյանքի բոլոր օրերին տանջանքով ձեռք բերես նրա բերքը, ¹⁸ փուշ ու տատասկ թող բուսեցնի քեզ, և դու վայրի բանջար վաստակես։ ¹⁹ Քո հացը քո երեսի քրտինքով ուտես, մինչև որ վերադառնաս դեպի հողը, որից առաջացար. քանի որ հող էիր, հող էլ դառնաս»։ ²⁰ Ադամն իր կնոջ անունը դրեց Կյանք [𝕸 Եվա], քանի որ նա մայրն է բոլոր էակների։ ²¹ Եվ Տերը՝ Աստված, Ադամի ու նրա կնոջ համար կաշվե հագուստներ պատրաստեց և հագցրեց նրանց։ ²² Տերը՝ Աստված, ասաց. «Ահա Ադամը եղավ իբրև մեկը մեզանից՝ ճանաչելով բարին և չարը։ Արդ, միգուցե երկարի ձեռքը և պոկի կենաց ծառից, ուտի և ապրի հավիտյան»։ ²³ Եվ Տերը՝ Աստված, նրան դուրս հանեց բարօրության դրախտից՝ մշակելու հողը, որից առաջացել էր։ ²⁴ Ադամին հանեց և բնակեցրեց բարօրության դրախտի դիմաց, իսկ քերովբեներին ու շուրջանակի պտտվող բոցեղեն սրին հրամայեց հսկել դեպի կենաց ծառը տանող ճանապարհները։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia
0:00
0:00