⁵ Երբ Տերը՝ Աստված, տեսավ, որ մարդկանց չար գործերը բազմացան երկրի վրա, և ամեն ոք ամեն օր մտքում չարություն էր խորհում, ⁶ զղջաց, որ մարդ է ստեղծել երկրի վրա, և մտահոգվեց։
⁹ ՍԱ Է ՆՈՅԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ։ Նոյն արդար և կատարյալ մարդ էր իր ցեղի մեջ և ապրում էր աստվածահաճո կյանքով։ ¹⁰ Նա երեք որդի ունեցավ՝ Սեմին, Քամին և Հաբեթին։ ¹¹ Երկիրն ապականվեց Աստծու առաջ և լցվեց անիրավությամբ։ ¹² Տերը՝ Աստված, տեսավ, որ երկիրն ապականված է, որովհետև բոլորը երկրի վրա ապրում էին անօրեն կյանքով։ ¹³ Եվ Տերը՝ Աստված, ասաց Նոյին. «Մարդկանց ժամանակը վերջացել է, քանի որ երկիրը լցվել է նրանց անօրենություններով։ Ես պիտի ոչնչացնեմ նրանց, ինչպես նաև երկիրը։ ¹⁴ Արդ, դու քեզ համար փայտյա քառակուսի տապա՛ն շինիր, այն բաժանի՛ր խորշերի և ներսից ու դրսից ծեփի՛ր կուպրով։ ¹⁵ Տապանը կշինես այսպես. նրա երկարությունը թող երեք հարյուր կանգուն լինի, լայնությունը՝ հիսուն կանգուն, իսկ բարձրությունը՝ երեսուն կանգուն։ ¹⁶ Տապանը դեպի վեր նեղացնելով կշինես, այնպես որ նրա ծածկի լայնությունը մի կանգուն լինի։ Տապանի դուռը կողքից կանես. տապանը ներքնահարկ, միջնահարկ ու վերնահարկ թող ունենա։ ¹⁷ Ես ջրհեղեղ պիտի բերեմ երկրի վրա՝ ոչնչացնելու երկնքի տակ գտնվող ամեն մի մարմին, որի մեջ կենդանի շունչ կա, և այն ամենը, ինչ կա երկրի վրա, պիտի ոչնչանա։ ¹⁸ Ես իմ ուխտը կհաստատեմ քեզ հետ, և տապան կմտնես դու, քեզ հետ՝ նաև քո որդիները, քո կինը և քո որդիների կանայք։ ¹⁹ Բոլոր անասուններից, բոլոր գազաններից ու ընդհանրապես մարմնավոր բոլոր էակներից զույգ-զույգ կմտցնես տապան, որպեսզի քեզ հետ ողջ մնան։ Դրանք թող արու և էգ լինեն։ ²⁰ Թող մտնեն քեզ մոտ, որպեսզի քեզ հետ ողջ մնան զույգ-զույգ՝ բոլոր տեսակի թռչուններից, բոլոր տեսակի կենդանիներից և երկրի բոլոր տեսակի սողուններից՝ արու և էգ։ ²¹ Քեզ հետ կվերցնես նաև այն բոլոր ուտելիքներից, որ ուտում եք, կկուտակես դրանք, որ քեզ ու նրանց համար կերակուր լինեն»։ ²² Նոյն արեց այս ամենը։ Ինչ որ պատվիրեց նրան Տերը՝ Աստված, այդ ամենը նույնությամբ կատարեց։
¹⁷ Երկրի վրա քառասուն օր ու քառասուն գիշեր ջրհեղեղ եղավ։ Ջուրը շատացավ ու բարձրացրեց տապանը՝ կտրելով գետնից։ ¹⁸ Ջուրն ավելի էր բարձրանում ու տարածվում երկրի վրա, իսկ տապանը լողում էր ջրերի վրա։ ¹⁹ Ջուրը չափազանց շատացավ և ծածկեց երկնքի տակ գտնվող բոլոր բարձր լեռները։ ²⁰ Ջուրը լեռներից տասնհինգ կանգուն վեր բարձրացավ և ծածկեց դրանք։ ²¹ Ամեն մի էակ, որ շարժվում էր երկրի վրա, մեռավ. թռչունները, անասուններն ու գազանները, երկրի վրա սողացող բոլոր սողուններն ու բոլոր մարդիկ։ ²² Իր ռունգերի մեջ կենդանի շունչ ունեցող ամեն մի էակ, ցամաքի վրա եղած ամեն մի բան ոչնչացավ։ ²³ Աստված բնաջնջեց երկրի երեսին գտնվող ամեն մի էակ՝ մարդուց մինչև կենդանի, սողուններից մինչև երկնքի թռչունները։ Նրանք վերացան երկրի երեսից։ Ողջ մնաց միայն Նոյը, և նրանք, որ նրա հետ տապանում էին։ ²⁴ Ջուրը երկրի վրա այդպես բարձր մնաց հարյուր հիսուն օր։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia
0:00
0:00