¹ Այն ժամանակ ողջ երկրով մեկ մարդիկ մեկ լեզու ունեին և նույն բառերը։ ² Երբ նրանք արևելքից շարժվեցին, Սենաար երկրում մի դաշտավայր գտան և բնակվեցին այնտեղ։ ³ Եվ միմյանց ասացին. «Եկեք աղյուս թափենք ու այն թրծենք հրով»։ Եվ նրանք աղյուս ունեցան՝ իբրև քար, և կուպր՝ իբրև շաղախ։ ⁴ Այնուհետև ասացին. «Եկեք մեզ համար մի քաղաք կառուցենք և մի աշտարակ, որի գագաթը հասնի մինչև երկինք, և մեզ համար անուն ստեղծենք ողջ երկրի վրա սփռվելուց առաջ»։ ⁵ Տերն իջավ՝ տեսնելու այն քաղաքն ու աշտարակը, որ կառուցում էին մարդկանց որդիները։ ⁶ Եվ Տերն ասաց. «Սրանք մեկ ազգ են, մեկ լեզու ունեն և սկսել են այս կառուցել։ Արդ, ոչինչ չի պակասում նրանց՝ իրենց ցանկությունն ի կատար ածելու։ ⁷ Եկեք իջնենք և խառնենք նրանց լեզուներն այնպես, որ մեկը մյուսին չհասկանա»։ ⁸ Եվ Տերը՝ Աստված, այնտեղից նրանց սփռեց ողջ երկրի երեսին, և նրանք դադարեցին քաղաքն ու աշտարակը կառուցելուց։ ⁹ Այդ պատճառով էլ այն կոչվեց Խառնակություն [𝕸 Բաբել], որովհետև Տերը՝ Աստված, այնտեղ խառնեց ամբողջ երկրի բնակիչների լեզուները և այնտեղից նրանց սփռեց ողջ աշխարհով։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia
0:00
0:00