¹ Այս ամենից հետո Աստված փորձեց Աբրահամին և ասաց նրան. «Աբրահա՛մ, Աբրահա՛մ»։ Եվ նա ասաց. «Ահա ես»։ ² Եվ նրան ասաց. «Վերցրո՛ւ քո սիրելի որդուն՝ Իսահակին, որին սիրեցիր, գնա՛ Բարձրադիր վայրը [𝕸 Մորիա] և այնտեղ՝ լեռներից մեկի վրա, որ ցույց կտամ քեզ, նրան մատուցի՛ր որպես ողջակեզ»։ ³ Աբրահամը վաղ առավոտյան վեր կացավ, համետեց իր էշը, հետը վերցրեց երկու ծառաների և իր որդուն՝ Իսահակին, ողջակեզի համար փայտ կոտրեց և ճանապարհ ընկավ։ Եկավ այն տեղը, որ Աստված ասել էր նրան։ ⁴ Երրորդ օրը Աբրահամը բարձրացրեց աչքերը և հեռվից տեսավ այդ վայրը։ ⁵ Աբրահամն ասաց իր ծառաներին. «Նստե՛ք այստեղ՝ էշի մոտ, իսկ ես ու պատանին գնանք այնտեղ, երկրպագենք ու վերադառնանք ձեզ մոտ»։ ⁶ Աբրահամը վերցրեց ողջակեզի փայտը, դրեց այն իր որդի Իսահակի վրա, իր ձեռքն առավ կրակն ու դանակը, և երկուսով միասին գնացին։ ⁷ Իսահակն ասաց իր հորը՝ Աբրահամին. «Հա՛յր»։ Նա ասաց. «Ի՞նչ է, որդյա՛կ»։ Նա ասաց. «Ահա կրակը և ահա փայտը, իսկ ո՞ւր է ողջակեզի ոչխարը»։ ⁸ Եվ նա ասաց. «Աստված կհոգա իր ողջակեզի ոչխարի մասին, որդյա՛կ»։ Նրանք երկուսով միասին գնացին ⁹ ու հասան այն վայրը, որ նրան ցույց էր տվել Աստված։ Աբրահամն այնտեղ զոհասեղան շինեց, փայտը դրեց վրան, իր որդուն՝ Իսահակին, կապեց և դրեց զոհասեղանի փայտի վրա։ ¹⁰ Աբրահամը երկարեց ձեռքը, որ վերցնի դանակը և զոհի իր որդուն։ ¹¹ Այդ պահին Տիրոջ հրեշտակը երկնքից ձայն տվեց նրան ու ասաց. «Աբրահա՛մ, Աբրահա՛մ»։ Եվ նա ասաց. «Ահա ես»։ ¹² Եվ ասաց. «Ձեռք մի՛ տուր պատանուն և նրան մի՛ վնասիր, որովհետև այժմ իմացա, որ դու երկյուղ ունես Աստծու նկատմամբ և ինձ համար չխնայեցիր նույնիսկ քո սիրելի որդուն»։ ¹³ Աբրահամը բարձրացրեց աչքերն ու տեսավ, որ սաբեկ ծառից մի խոյ է կախված եղջյուրներից։ Աբրահամը մոտեցավ, վերցրեց խոյն ու այն ողջակեզ մատուցեց իր որդի Իսահակի փոխարեն։ ¹⁴ Աբրահամն այդ վայրի անունը դրեց «Տերը տեսավ» [𝕸 Եհովա-յիռե], և մինչև այսօր էլ ասում են՝ «Այդ լեռան վրա Տերը երևաց»։ ¹⁵ Տիրոջ հրեշտակը երկնքից երկրորդ անգամ ձայն տվեց Աբրահամին և ասաց. ¹⁶ «Անձովս եմ երդվում,- ասում է Տերը,- քանի որ դու արեցիր այդ բանը, և ինձ համար չխնայեցիր քո սիրելի որդուն, ¹⁷ անչափ կօրհնեմ քեզ և երկնքի աստղերի ու ծովեզերքի ավազի չափ կբազմացնեմ քո սերունդը։ Քո սերունդը կտիրանա իր հակառակորդների քաղաքներին, ¹⁸ քո սերնդով կօրհնվեն երկրի բոլոր ազգերը, որովհետև անսացիր իմ ձայնին»։ ¹⁹ Աբրահամը վերադարձավ իր ծառաների մոտ, և վեր կենալով միասին գնացին դեպի Երդման ջրհորը, և Աբրահամը բնակություն հաստատեց Երդման ջրհորի մոտ։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia
0:00
0:00