²³ Շատ օրեր անց մեռավ եգիպտացիների թագավորը։ Իսրայելի որդիները շարունակում էին տառապել գործերից և աղաղակ էին վեր առաքում։ Նրանց աղաղակը հասավ Աստծուն։ ²⁴ Աստված լսեց նրանց հեծեծանքը, հիշեց իր ուխտը Աբրահամի, Իսահակի ու Հակոբի հետ, ²⁵ նայեց Իսրայելի որդիներին ու հայտնվեց նրանց։ ¹ Մովսեսն արածեցնում էր իր աներոջ՝ Հոթորի՝ մադիանացիների քրմի հոտերը։ Մի օր նա հոտերը տարավ անապատի միջով ու եկավ Աստծու լեռը՝ Քորեբ։ ² Տիրոջ հրեշտակը կրակի բոցով մորենու միջից երևաց նրան։ Եվ Մովսեսը տեսավ, որ մորենին կրակով վառվում էր, բայց չէր կիզվում։ ³ Մովսեսն ասաց. «Առաջ անցնեմ և տեսնեմ այս զարմանալի տեսարանը. ինչպե՞ս է, որ մորենին չի կիզվում»։ ⁴ Երբ Տերը տեսավ, որ մոտենում է տեսնելու, մորենու միջից ձայն տվեց նրան ու ասաց. «Մովսե՛ս, Մովսե՛ս»։ Նա ասաց. «Ի՞նչ է»։ ⁵ Եվ ասաց. «Մի՛ մոտեցիր այս տեղին։ Կոշիկներդ հանի՛ր ոտքերիցդ, որովհետև կանգնածդ վայրը սուրբ տեղ է»։ ⁶ Եվ ասաց նրան. «Ես եմ քո հոր Աստվածը, Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածն ու Հակոբի Աստվածը»։ Մովսեսը շրջեց իր դեմքը, քանի որ երկնչում էր ուղիղ նայել Աստծուն։ ⁷ Տերն ասաց Մովսեսին. «Ես իսկապես տեսա իմ ժողովրդի չարչարանքը Եգիպտոսում և լսեցի նրանց աղաղակը իրենց գործավարների պատճառով, գիտեմ նրանց վշտերը ⁸ և իջա փրկելու նրանց եգիպտացիների ձեռքից, հանելու նրանց այն երկրից ու տանելու բարի ու ընդարձակ մի երկիր, որ կաթ ու մեղր է բխեցնում՝ քանանացիների, քետացիների, ամորհացիների, փերեզացիների, խևացիների, գերգեսացիների և հեբուսացիների երկիրը։ ⁹ Եվ արդ, ահա Իսրայելի որդիների աղաղակը հասել է ինձ, և տեսա այն նեղությունը, որով եգիպտացիները նեղեցին նրանց։ ¹⁰ Արդ, արի՛ առաքեմ քեզ եգիպտացիների արքայի՝ փարավոնի մոտ, որ հանես իմ ժողովրդին՝ Իսրայելի որդիներին, եգիպտացիների երկրից»։ ¹¹ Եվ Մովսեսն ասաց Աստծուն. «Ո՞վ եմ ես, որ գնամ եգիպտացիների արքայի՝ փարավոնի մոտ և Իսրայելի որդիներին հանեմ եգիպտացիների երկրից»։ ¹² Բայց Աստված ասաց. «Ես քեզ հետ կլինեմ։ Եվ պատրվակն այն պիտի լինի, որ ես ուղարկել եմ քեզ՝ հանելու իմ ժողովրդին Եգիպտոսից, որպեսզի պաշտեք Աստծուն այս լեռան վրա»։ ¹³ Եվ Մովսեսն ասաց Աստծուն. «Ահա ես գնում եմ Իսրայելի որդիների մոտ ու ասում եմ նրանց. “Ձեր հայրերի Աստվածն ուղարկեց ինձ ձեզ մոտ”։ Եվ երբ ինձ հարցնեն, թե ի՛նչ է նրա անունը, ի՞նչ ասեմ նրանց»։ ¹⁴ Եվ Աստված ասաց Մովսեսին. «Ես եմ Աստված, որ Է»։ Եվ ավելացրեց. «Այսպե՛ս ասա Իսրայելի որդիներին. “Է-ն առաքեց ինձ ձեզ մոտ”»։
¹ Տերն ասաց Մովսեսին. «Փարավոնի առջև հանդես կգաս իբրև աստված, իսկ քո եղբայր Ահարոնը թող լինի քո մարգարեն։ ² Դու Ահարոնին կհայտնես այն ամենը, ինչ կպատվիրեմ քեզ, իսկ քո եղբայր Ահարոնը թող խոսի փարավոնի հետ՝ Իսրայելի որդիներին արձակելու իր երկրից։ ³ Սակայն ես կկարծրացնեմ փարավոնի սիրտը և կբազմապատկեմ իմ նշաններն ու հրաշքները եգիպտացիների երկրում, ⁴ և փարավոնը չի լսի ձեզ. ես իմ ձեռքը կդնեմ Եգիպտոսի վրա և իմ զորությամբ իմ ժողովրդին՝ Իսրայելի որդիներին, կհանեմ եգիպտացիների երկրից՝ մեծապես վրեժխնդիր լինելով։ ⁵ Եվ եգիպտացիները կիմանան, որ ես եմ Տերը։ Ես իմ ձեռքը կերկարեմ Եգիպտոսի վրա և Իսրայելի որդիներին կհանեմ նրանց միջից»։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia
0:00
0:00