¹ Հիսուս Քրիստոսի՝ Աստծու Որդու Ավետարանի սկիզբը։ ² Ինչպես գրված է մարգարեների գրքերում. «Ահա ես իմ պատգամաբերին եմ ուղարկում քո առջևից, որ կպատրաստի քո ճանապարհը ։ ³ Անապատում կանչողի ձայնն է. “Պատրաստե՛ք Տիրոջ ճանապարհը և հարթե՛ք նրա շավիղները” »։ ⁴ Եվ Հովհաննեսը մկրտում էր անապատում և քարոզում ապաշխարության մկրտություն՝ մեղքերի թողության համար։ ⁵ Ամբողջ Հրեաստանը և բոլոր երուսաղեմացիները գնում էին նրա մոտ և խոստովանելով իրենց մեղքերը՝ նրա կողմից մկրտվում էին Հորդանան գետում։ ⁶ Հովհաննեսն ուղտի բրդից պատրաստված հագուստ էր հագնում և մեջքին կաշվե գոտի կապում։ Նրա կերակուրը մորեխ էր և վայրի մեղր։ ⁷ Նա քարոզում էր և ասում. «Ինձնից հետո գալիս է ինձնից ավելի հզոր մեկը, որի առաջ խոնարհվելով՝ նրա կոշիկների կապերն անգամ արձակելու արժանի չեմ։ ⁸ Ես ձեզ ջրով մկրտեցի, բայց նա ձեզ Սուրբ Հոգով կմկրտի»։
²⁹ Հետևյալ օրը նա տեսավ դեպի իրեն եկող Հիսուսին ու ասաց. «Ահա Աստծու Գառը, որ վերացնում է աշխարհի մեղքը։ ³⁰ Սա է նա, որի մասին ասում էի, թե իմ հետևից է գալիս. մարդ, որը ինձնից մեծ եղավ, որովհետև ինձնից առաջ էլ կար։ ³¹ Իսկ ես չէի ճանաչում նրան, բայց որպեսզի հայտնի լինի Իսրայելին, դրա համար եկա ջրով մկրտելու»։ ³² Հովհաննեսը վկայեց ու ասաց. «Տեսնում էի Հոգին, որ երկնքից աղավնու պես իջնում էր և հանգչում նրա վրա։ ³³ Իսկ ես չէի ճանաչում նրան. սակայն նա, ով ինձ ուղարկեց ջրով մկրտելու, ինձ ասաց. “Ում վրա տեսնես, որ Հոգին իջնում և մնում է, նա՛ է, որ մկրտում է Սուրբ Հոգով”։ ³⁴ Եվ ես տեսա ու վկայեցի. “Սա է Աստծու Որդին”»։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia
0:00
0:00