¹ Հիսուսը, Սուրբ Հոգով լի, վերադարձավ Հորդանանից և Հոգով առաջնորդվեց անապատ ² քառասուն օր և ենթարկվեց սատանայի փորձություններին։ Չկերավ և չխմեց այն օրերին, իսկ քառասուն օրերի լրանալուց հետո քաղց զգաց։ ³ Եվ սատանան նրան ասաց. «Եթե Աստծու Որդի ես, այդ քարին ասա՛, որ հաց դառնա»։ ⁴ Հիսուսը նրան պատասխանեց և ասաց. «Գրված է. “Միայն հացով չի ապրում մարդ, այլ Աստծու խոսքով” »։ ⁵ Եվ սատանան, նրան տանելով մի բարձր լեռ, մի վայրկյանում նրան ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորությունները։ ⁶ Եվ սատանան նրան ասաց. «Քեզ կտամ այս բոլոր իշխանությունները և սրանց փառքը, որովհետև ինձ է տրված, և ում կամենամ, կտամ այն։ ⁷ Արդ, եթե դու իմ առաջ ընկնելով երկրպագես, բոլորը քոնը կլինի»։ ⁸ Հիսուսը պատասխանեց նրան և ասաց. «Գրված է. “Տիրոջը՝ քո Աստծո՛ւն պիտի երկրպագես և միայն նրա՛ն պիտի պաշտես” »։ ⁹ Տարավ նրան Երուսաղեմ, կանգնեցրեց տաճարի աշտարակի վրա ու ասաց նրան. «Եթե Աստծու Որդի ես, քեզ այստեղից ցա՛ծ նետիր, ¹⁰ որովհետև գրված է. “Իր հրեշտակներին պատվիրել է քեզ համար, ¹¹ և նրանք իրենց ձեռքերի վրա պիտի վերցնեն քեզ, որպեսզի ոտքդ երբեք քարին չխփես” »։ ¹² Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. «Ասված է. “Չփորձե՛ս Տիրոջը՝ քո Աստծուն” »։ ¹³ Եվ սատանան, կատարած լինելով բոլոր փորձությունները, նրանից միառժամանակ հեռացավ։ ¹⁴ Եվ Հիսուսը Հոգու զորությամբ վերադարձավ Գալիլեա, ու գավառի բոլոր կողմերում նրա համբավը տարածվեց։ ¹⁵ Եվ նա ուսուցանում էր նրանց ժողովարաններում՝ փառավորվելով բոլորից։ ¹⁶ Եկավ Նազարեթ, որտեղ մեծացել էր, և ըստ իր սովորության՝ շաբաթ օրը ժողովարան մտավ։ ¹⁷ Նրան Եսայի մարգարեի գիրքը տվեցին, երբ ելավ ընթերցելու, իսկ երբ գիրքը բացեց, գտավ այն տեղը, որտեղ գրված էր. ¹⁸ «Տիրոջ Հոգին ինձ վրա է, հենց դրա համար օծեց ինձ, ուղարկեց աղքատներին ավետարանելու, սրտով բեկյալներին բժշկելու, ¹⁹ գերիներին ազատություն քարոզելու և կույրերին՝ տեսողություն, կեղեքվածներին ազատ արձակելու, Տիրոջն ընդունելի տարին հռչակելու» ։ ²⁰ Եվ փակելով գիրքը՝ տվեց պաշտոնյային ու նստեց. իսկ ժողովարանում գտնվողների բոլորի աչքերը նրան էին սևեռված։ ²¹ Սկսեց ասել նրանց. «Այսօր այս մարգարեությունը, որ լսեցիք ձեր իսկ ականջներով, կատարվեց»։ ²² Եվ բոլորը վկայում էին ու զարմանում նրա բերանից ելած շնորհալի խոսքերի վրա ու ասում. «Սա Հովսեփի որդին չէ՞»։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia
0:00
0:00