³⁵ Այդ նույն օրը՝ երեկոյան կողմ, Հիսուսն աշակերտներին ասաց. «Եկե՛ք անցնենք լճի մյուս կողմը»։ ³⁶ Աշակերտները թողեցին ժողովրդին և իրենց հետ վերցրին Հիսուսին ու մի նավակով հեռացան։ Նրանց ուղեկցում էին նաև այլ նավակներ։ ³⁷ Եվ մեծ հողմամրրիկ բարձրացավ, ու ալիքները նավակի մեջ էր թափում, այն աստիճան որ նավակը գրեթե լցվում էր։ ³⁸ Իսկ նա նավակի հետնամասում՝ բարձի վրա, ննջում էր։ Նրան արթնացրին և ասացին. «Վարդապե՛տ, քո հոգը չէ՞, որ ահա այստեղ կորչում ենք»։ ³⁹ Արթնանալով՝ Հիսուսը սաստեց հողմին և ասաց լճին. «Դադարի՛ր, լռի՛ր»։ Հողմը դադարեց, ու կատարյալ հանդարտություն եղավ։ ⁴⁰ Ապա նրանց ասաց. «Ինչո՞ւ եք այդպես վախկոտ. դեռևս հավատ չունե՞ք»։ ⁴¹ Իսկ նրանք սաստիկ վախեցան և միմյանց ասում էին. «Ո՞վ է արդյոք սա, որ թե՛ հողմը, թե՛ լիճը հնազանդվում են նրան»։ ¹ Հիսուսը եկավ լճի մյուս կողմը՝ գերգեսացիների երկիրը։ ² Երբ նա նավակից դուրս ելավ, գերեզմաններից նրա դեմն ելավ մի մարդ, որին բռնել էր մի պիղծ ոգի, ³ և որի բնակության վայրը հենց գերեզմաններում էր։ Ոչ ոք նույնիսկ շղթաներով չէր կարող կապել նրան, ⁴ որովհետև ոտնակապերով և շղթաներով բազմիցս կապվել էր, բայց շղթաները փշրել էր ու ոտնակապերը ջարդել։ Ոչ ոք նրան չէր կարողանում զսպել, ⁵ որովհետև միշտ՝ գիշեր ու ցերեկ, գերեզմաններում ու լեռներում, աղաղակում էր և ինքն իրեն քարերով ծեծում։ ⁶ Երբ նա հեռվից տեսավ Հիսուսին, առաջ վազեց և երկրպագեց նրան. ⁷ բարձր ձայնով աղաղակեց և ասաց. «Ի՞նչ կա իմ և քո միջև, Հիսո՛ւս, Բարձրյա՛լ Աստծու Որդի։ Երդվեցնում եմ քեզ Աստծով, մի՛ տանջիր ինձ», ⁸ որովհետև Հիսուսը նրան ասում էր. «Պի՛ղծ ոգի, դո՛ւրս ելիր այս մարդու միջից»։ ⁹ Հիսուսը նրան հարցրեց. «Անունդ ի՞նչ է»։ «Անունս Լեգեոն է,- պատասխանեց նրան,- քանի որ շատ ենք»։ ¹⁰ Պիղծ ոգիները սաստիկ աղաչում էին նրան, որ իրենց այդտեղից դուրս չուղարկի։ ¹¹ Այնտեղ՝ լեռան լանջին, խոզերի մի մեծ երամակ էր արածում։ ¹² Դևերը բոլորն էլ աղաչեցին նրան և ասացին. «Մեզ խոզերի մո՛տ ուղարկիր, որ մտնենք նրանց մեջ»։ ¹³ Հիսուսը թույլատրեց նրանց։ Երբ պիղծ ոգիները դուրս ելան, մտան խոզերի մեջ, խոզերի երամակը, որ թվով մոտ երկու հազար էր, դարավանդից դեպի լիճը դիմեց, և խոզերը խեղդվեցին լճում։ ¹⁴ Խոզարածները փախան և այդ մասին պատմեցին քաղաքում ու ագարակներում։ Մարդիկ դուրս ելան՝ տեսնելու, թե ի՛նչ էր կատարվել։ ¹⁵ Եկան Հիսուսի մոտ և տեսան դիվահարին, որ լեգեոն ուներ, նստել էր հագնված ու զգաստացած, և զարհուրեցին։ ¹⁶ Ովքեր տեսել էին, պատմեցին նրանց, թե ի՛նչ պատահեց դիվահարին և ի՛նչ՝ խոզերին։ ¹⁷ Եվ սկսեցին աղաչել Հիսուսին, որ հեռանա իրենց սահմաններից։ ¹⁸ Երբ նավակ մտավ, դիվահարը նրան աղաչեց, որ նրա հետ լինի։ ¹⁹ Բայց Հիսուսը նրան թույլ չտվեց, այլ ասաց. «Գնա՛ քո տուն, քո ընտանիքի մոտ և պատմի՛ր նրանց այն, ինչ Տերը քեզ արեց և թե ինչպե՛ս քեզ ողորմեց»։ ²⁰ Նա գնաց և սկսեց տարածել Դեկապոլիում, ինչ որ Հիսուսն արել էր իր համար։ Եվ ամենքը զարմանում էին։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia
0:00
0:00