⁹ Այս առակն էլ ասաց ոմանց, որոնք իրենք իրենցով պարծենում էին, թե արդար են, և արհամարհում էին ուրիշ շատերին։ ¹⁰ «Երկու մարդ տաճար ելան աղոթքի կանգնելու. մեկը՝ փարիսեցի, մյուսը՝ մաքսավոր։ ¹¹ Փարիսեցին կանգնած էր մեկուսի և ինքն իրեն այս աղոթքն էր ասում. “Աստվա՛ծ իմ, շնորհակալ եմ քեզնից, որ ես նման չեմ ուրիշ մարդկանց, ինչպես հափշտակողները, անիրավներն ու շնացողները, և կամ ինչպես այս մաքսավորը։ ¹² Այլ շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում և տասանորդ եմ տալիս իմ ամբողջ եկամտից”։ ¹³ Իսկ մաքսավորը կանգնած էր մեկուսի և չէր իսկ կամենում իր աչքերը երկինք բարձրացնել, այլ ծեծում էր կուրծքը և ասում. “Աստվա՛ծ, ների՛ր ինձ՝ մեղավորիս”։ ¹⁴ Ասում եմ ձեզ, սա՛ իջավ իր տունը արդարացած և ոչ թե մյուսը. որովհետև, ով բարձրացնում է իր անձը, կխոնարհվի, և ով խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի»։ ¹⁵ Մանուկներին էլ մոտեցնում էին նրան, որպեսզի նրանց դիպչի։ Երբ աշակերտները այդ տեսան, սաստեցին բերողներին։ ¹⁶ Իսկ Հիսուսը, մանուկներին իր մոտ կանչելով, ասաց. «Թո՛ւյլ տվեք այդ մանուկներին ինձ մոտ գալու, և մի՛ արգելեք նրանց, որովհետև այդպիսիներինն է Աստծու արքայությունը։ ¹⁷ Ճշմարիտ եմ ասում ձեզ, ով Աստծու արքայությունը չընդունի ինչպես մի մանուկ, այնտեղ չի մտնի»։ ¹⁸ Մի իշխանավոր նրան հարցրեց և ասաց. «Բարի՛ Վարդապետ, ի՞նչ պիտի անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»։ ¹⁹ Հիսուսը նրան ասաց. «Ինչո՞ւ ինձ բարի ես կոչում. ոչ ոք բարի չէ, այլ միայն՝ Աստված։ ²⁰ Պատվիրանները գիտես՝ մի՛ շնացիր, մի՛ սպանիր, մի՛ գողացիր, սուտ մի՛ վկայիր, մեծարի՛ր քո հորը և մորը »։ ²¹ Եվ նա ասաց. «Այդ բոլորը պահել եմ իմ մանկությունից»։ ²² Երբ Հիսուսն այս լսեց, ասաց նրան. «Դեռ մի բան պակաս է քեզ. ինչ որ ունես, վաճառի՛ր ու տո՛ւր աղքատներին և երկնքում գանձեր կունենաս, և արի՛ իմ հետևից»։ ²³ Երբ նա լսեց այս, տրտմեց, որովհետև չափազանց հարուստ էր։ ²⁴ Երբ Հիսուսը նրան տրտմած տեսավ, ասաց. «Ինչքա՜ն դժվարությամբ Աստծու արքայությունը կմտնեն նրանք, որոնք հարստություն ունեն։ ²⁵ Ավելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակից անցնի, քան թե մի մեծահարուստ Աստծու արքայությունը մտնի»։ ²⁶ Եվ նրանք, որ լսեցին, ասացին. «Իսկ ո՞վ կարող է փրկվել»։ ²⁷ Նա ասաց. «Ինչ որ անհնար է մարդկանց համար, Աստծու համար հնարավոր է»։ ²⁸ Պետրոսն ասաց. «Ահա մենք մեր ամեն ինչը թողեցինք և եկանք քո հետևից»։ ²⁹ Եվ Հիսուսն ասաց նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, չկա մեկը, որ թողած լինի տունը, կամ ծնողներին, կամ եղբայրներին, կամ կնոջը, կամ զավակներին՝ Աստծու արքայության համար, ³⁰ և այս ներկա ժամանակում բազմապատիկ չստանա ու հավիտենական կյանքը չժառանգի գալիք աշխարհում»։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia
0:00
0:00