²⁵ Եվ ահա Օրենքի մի ուսուցիչ վեր կացավ, փորձում էր նրան և ասում. «Վարդապե՛տ, ի՞նչ պետք է անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»։ ²⁶ Եվ նա ասաց նրան. «Օրենքում ի՞նչ է գրված, ինչպե՞ս ես ընթերցում»։ ²⁷ Նա պատասխանեց և ասաց. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով և քո ամբողջ հոգով, քո ամբողջ զորությամբ և քո ամբողջ մտքով . և քո ընկերոջը պիտի սիրես, ինչպես քո անձը »։ ²⁸ Եվ Հիսուսը նրան ասաց. «Ճիշտ պատասխան տվեցիր, այդ արա՛ և կփրկվես»։ ²⁹ Նա, կամենալով ինքն իրեն արդարացնել, ասաց Հիսուսին. «Իսկ ո՞վ է իմ ընկերը»։ ³⁰ Հիսուսը պատասխանեց և ասաց. «Մի մարդ Երուսաղեմից Երիքով էր իջնում և ընկավ ավազակների ձեռքը, որոնք նրան մերկացրին, վիրավորեցին և կիսամեռ թողեցին ու գնացին։ ³¹ Պատահեց, որ մի քահանա նույն ճանապարհով իջնում էր. նրան տեսավ և թողեց անցավ։ ³² Նույնպես և մի ղևտացի, նույն տեղով անցնելիս, տեսավ և թողեց անցավ։ ³³ Մի սամարացի, որ ճանապարհորդում էր, նույն տեղով եկավ նրա մոտ և տեսնելով նրան՝ գթաց։ ³⁴ Եվ մոտենալով՝ կապեց նրա վերքերը, վրան ձեթ ու գինի լցրեց և նրան իր գրաստի վրա դնելով՝ տարավ մի իջևան և խնամեց նրան։ ³⁵ Եվ հաջորդ օրը, երբ դուրս էր գալիս այնտեղից, հանեց, իջևանատիրոջը երկու դահեկան տվեց և ասաց. «Խնամի՛ր նրան և ինչ որ ծախսես դրա վրա, իմ մյուս անգամ գալուն կհատուցեմ քեզ»։ ³⁶ Արդ, ըստ քեզ, այդ երեքից ո՞րը մերձավորի պես վերաբերվեց նրան, որ ավազակների ձեռքն էր ընկել»։ ³⁷ Եվ նա ասաց. «Նա, ով բարիք արեց նրան»։ Հիսուսը նրան ասաց. «Գնա՛ և դու նո՛ւյն ձևով արա»։
²⁷ «Բայց ասում եմ ձեզ, դուք, որ լսում եք ինձ. սիրե՛ք ձեր թշնամիներին, ձեզ ատողներին բարությո՛ւն արեք. ²⁸ օրհնե՛ք ձեզ անիծողներին, ձեզ նեղողների համար աղոթե՛ք։ ²⁹ Ով խփում է քո ծնոտին, նրան մյո՛ւսն էլ մոտեցրու. և ով քեզնից բռնի վերցնում է քո բաճկոնը, նրան մի՛ արգելիր շապիկդ էլ վերցնելու։ ³⁰ Ամեն մարդու, որ քեզնից ուզում է, տո՛ւր, և մեկը քեզնից վերցնի, հետ մի՛ պահանջիր։ ³¹ Եվ ինչպես կամենում եք, որ անեն ձեզ մարդիկ, այնպե՛ս արեք և դուք նրանց։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia
0:00
0:00