¹ Ղազարոս անունով մի հիվանդ կար Բեթանիայից՝ Մարիամի և նրա քույր Մարթայի գյուղից։ ² Սա այն Մարիամն էր, որ յուղով օծեց Տիրոջը և իր մազերով սրբեց նրա ոտքերը։ Սրա եղբայր Ղազարոսը հիվանդ էր։ ³ Նրա քույրերը Հիսուսի մոտ մարդ ուղարկեցին ու ասացին. «Տե՛ր, ահավասիկ նա, ում սիրում էիր, հիվանդացել է»։ ⁴ Երբ Հիսուսը լսեց, ասաց. «Այդ հիվանդությունը մահացու չէ, այլ Աստծու փառքի համար է, որպեսզի դրանով Աստծու Որդին փառավորվի»։ ⁵ Հիսուսը սիրում էր Մարթային, նրա քրոջը և Ղազարոսին։ ⁶ Լսելով, որ Ղազարոսը հիվանդացել է, նա տակավին երկու օր էլ մնաց այնտեղ, որտեղ գտնվում էր։ ⁷ Ապա ասաց իր աշակերտներին. «Եկե՛ք նորից գնանք Հրեաստան»։ ⁸ Աշակերտները նրան ասացին. «Ռաբբի՛, հրեաները դեռ քիչ ժամանակ առաջ ուզում էին քարկոծել քեզ, իսկ դու նորից այնտե՞ղ ես գնում»։ ⁹ Հիսուսը պատասխանեց. «Ցերեկը տասներկու ժամ չունի՞. եթե մեկը ցերեկն է քայլում, չի սայթաքում, որովհետև այս աշխարհի լույսն է տեսնում, ¹⁰ իսկ եթե մեկը գիշերն է քայլում, սայթաքում է, որովհետև իր հետ լույս չունի»։ ¹¹ Այս ամենն ասելուց հետո ասաց նրանց. «Մեր բարեկամ Ղազարոսը ննջել է, սակայն ես գնում եմ նրան արթնացնելու»։ ¹² Աշակերտները նրան ասացին. «Տե՛ր, եթե ննջել է, ուրեմն կառողջանա»։ ¹³ Բայց Հիսուսը նրա մահվան մասին էր ասում, մինչդեռ նրանց այնպես թվաց, թե նա քնով ննջելու մասին է խոսում։ ¹⁴ Այն ժամանակ Հիսուսը նրանց հայտնապես ասաց. «Ղազարոսը մեռավ. ¹⁵ բայց ես ուրախ եմ ձեզ համար, որովհետև դուք ինձ կհավատաք, քանզի ես այնտեղ չէի։ Հիմա եկե՛ք գնանք նրա մոտ»։ ¹⁶ Թովմասը, որ Երկվորյակ էր կոչվում, աշակերտակիցներին ասաց. «Եկե՛ք մենք էլ գնանք, որ նրա հետ մեռնենք»։ ¹⁷ Հիսուսը եկավ, նրան գտավ չորս օրից ի վեր գերեզմանի մեջ դրված։ ¹⁸ Եվ Բեթանիան Երուսաղեմի մոտ էր շուրջ երեք կիլոմետր։ ¹⁹ Հրեաներից շատերը եկել էին Մարթայի և Մարիամի մոտ, որպեսզի նրանց մխիթարեին իրենց եղբոր մահվան համար։ ²⁰ Երբ Մարթան լսեց, որ Հիսուսը գալիս է, նրան ընդառաջ գնաց, իսկ Մարիամը տանը նստած էր։ ²¹ Մարթան Հիսուսին ասաց. «Տե՛ր, եթե դու այստեղ եղած լինեիր, իմ եղբայրը մեռած չէր լինի. ²² բայց հիմա էլ գիտեմ, որ ինչ էլ Աստծուց խնդրես, Աստված քեզ կտա»։ ²³ Հիսուսը նրան ասաց. «Քո եղբայրը հարություն կառնի»։ ²⁴ Մարթան նրան ասաց. «Գիտեմ, որ հարության ժամանակ՝ վերջին օրը, հարություն կառնի»։ ²⁵ Հիսուսը նրան ասաց. «Ես եմ հարությունն ու կյանքը. ով հավատում է ինձ, թեպետ և մեռնի, կապրի. ²⁶ և ով կենդանի է ու ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի։ Հավատո՞ւմ ես այս ամենին»։ ²⁷ Նա ասաց նրան. «Այո՛, Տե՛ր, հավատում եմ, որ դու ես Քրիստոսը՝ Աստծու Որդին, որ աշխարհ էիր գալու»։ ²⁸ Եվ այս ասելուց հետո գնաց լռելյայն կանչեց իր քրոջը՝ Մարիամին, ու ասաց. «Վարդապետն է եկել և քեզ է կանչում»։ ²⁹ Երբ նա լսեց, իսկույն վեր կացավ ու եկավ Հիսուսի մոտ։ ³⁰ Հիսուսը դեռ գյուղ էլ չէր հասել, այլ դեռևս այն տեղում էր, որտեղ Մարթան ընդառաջ էր ելել նրան։ ³¹ Իսկ այն հրեաները, որ Մարիամի հետ տանն էին ու նրան մխիթարում էին, երբ տեսան, որ նա իսկույն վեր կացավ ու գնաց, իրենք ևս նրա հետևից գնացին. կարծում էին, թե գերեզման է գնում, որ այնտեղ լաց լինի։ ³² Իսկ Մարիամը, երբ եկավ Հիսուսի կանգնած տեղն ու տեսավ նրան, ընկավ նրա ոտքերն ու ասաց. «Տե՛ր, եթե այստեղ եղած լինեիր, իմ եղբայրը մեռած չէր լինի»։ ³³ Երբ Հիսուսը տեսավ, որ նա ու նրա հետ եղող հրեաներն էլ լալիս են, հոգով խռովվեց, հուզվեց ³⁴ և ասաց. «Որտե՞ղ դրեցիք նրան»։ Նրան ասացին. «Տե՛ր, արի՛ ու տե՛ս»։ ³⁵ Եվ Հիսուսն արտասվեց։ ³⁶ Հրեաներն ասացին. «Տեսե՛ք՝ ինչքան էր սիրում նրան»։ ³⁷ Նրանցից ոմանք էլ ասում էին. «Սա, որ կույրի աչքերը բացեց, չէ՞ր կարող արդյոք այնպես անել, որ Ղազարոսն էլ չմեռներ»։ ³⁸ Հիսուսը, դարձյալ խռովվելով ինքն իր մեջ, եկավ գերեզմանի մոտ. մի քարայր էր՝ վրան մի քար դրված։ ³⁹ Եվ Հիսուսն ասաց. «Այդ քարը մի կողմ դրեք»։ Մարթան՝ մեռածի քույրը, նրան ասաց. «Տե՛ր, հիմա արդեն նեխած կլինի, քանի որ չորս օրվա է»։ ⁴⁰ Հիսուսը նրան ասաց. «Քեզ չասացի՞, որ եթե հավատաս, Աստծու փառքը կտեսնես»։ ⁴¹ Երբ քարը վերցրին, Հիսուսն աչքերը վեր բարձրացրեց ու ասաց. «Հա՛յր, գոհությո՜ւն քեզ, որ ինձ լսեցիր. ⁴² ես գիտեի, որ ամեն ժամ լսում ես ինձ, բայց այս անում եմ շուրջս կանգնած այս ժողովրդի համար, որպեսզի հավատան, որ դու ուղարկեցիր ինձ»։ ⁴³ Երբ այս ասաց, բարձր ձայնով աղաղակեց. «Ղազարո՛ս, վե՛ր կաց, դո՛ւրս արի»։ ⁴⁴ Եվ մեռելը ելավ՝ կապված ոտքերով, ձեռքերը երիզներով պինդ ամրացված և երեսը վարշամակով պատած։ Եվ Հիսուսը նրանց ասաց. «Արձակե՛ք դրան և թողե՛ք, որ գնա»։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia
0:00
0:00