¹⁷ Բաղարջակերաց տոնի առաջին օրը աշակերտները մոտեցան Հիսուսին և ասացին. «Որտե՞ղ ես ուզում, որ քեզ համար պատրաստենք զատկական ընթրիքը»։ ¹⁸ Հիսուսն ասաց նրանց. «Գնացե՛ք քաղաք՝ այսինչ մարդու մոտ, և նրան ասե՛ք. “Վարդապետն ասում է. իմ ժամանակը մոտեցել է, իմ աշակերտների հետ քեզ մոտ եմ նշելու Զատիկը”»։ ¹⁹ Աշակերտներն արեցին այնպես, ինչպես Հիսուսն էր կարգադրել իրենց, և պատրաստեցին զատկական ընթրիքը։ ²⁰ Երբ երեկո եղավ, Հիսուսը տասներկու աշակերտների հետ սեղան էր նստել։ ²¹ Եվ մինչ նրանք ուտում էին, Հիսուսն ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզնից մեկը մատնելու է ինձ»։ ²² Աշակերտները խիստ տխրեցին, և նրանցից յուրաքանչյուրը սկսեց հարցնել նրան. «Մի՞թե ես եմ, Տե՛ր»։ ²³ Նա պատասխանեց և ասաց. «Ով իր ձեռքն ինձ հետ պնակի մեջ մտցրեց, նա՛ է ինձ մատնելու։ ²⁴ Մարդու Որդին գնալու է, ինչպես որ նրա մասին գրված է, բայց վա՜յ այն մարդուն, որի ձեռքով մատնվելու է Մարդու Որդին։ Այդ մարդու համար ավելի լավ կլիներ, եթե ծնված չլիներ»։ ²⁵ Հուդան, որ մատնելու էր նրան, դիմեց Հիսուսին և ասաց. «Մի՞թե ես եմ, Վարդապե՛տ»։ «Դու ասացիր»,- պատասխանեց նրան։ ²⁶ Մինչ նրանք ուտում էին, Հիսուսը հաց վերցրեց, օրհնեց, կտրեց և տվեց աշակերտներին՝ ասելով. «Առե՛ք, կերե՛ք, այս է իմ մարմինը»։ ²⁷ Ապա բաժակ վերցնելով՝ գոհացավ, տվեց նրանց՝ ասելով. «Խմե՛ք դրանից ամենքդ, ²⁸ որովհետև դա է նոր ուխտի իմ արյունը, որ շատերի համար թափվում է մեղքերի թողության համար։ ²⁹ Բայց ասում եմ ձեզ. այսուհետև որթատունկի բերքից այլևս չեմ խմելու մինչև այն օրը, երբ ձեզ հետ նորը կխմեմ իմ Հոր արքայության մեջ»։ ³⁰ Ապա սաղմոսերգելուց հետո ելան Ձիթենյաց լեռը։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia
0:00
0:00