³² Ուրիշ երկու չարագործներ էլ բերեցին՝ նրա հետ սպանելու համար։ ³³ Երբ հասան Գագաթ կոչված տեղը, այնտեղ նրան խաչը հանեցին, իսկ չարագործներին էլ, մեկին աջ կողմը, մյուսին՝ ձախ կողմը, խաչեցին։ ³⁴ Եվ Հիսուսն ասաց. «Հա՛յր, ների՛ր դրանց, որովհետև չգիտեն, թե ի՛նչ են անում»։ Եվ նրա հանդերձները բաժանելու համար վիճակ գցեցին։ ³⁵ Իսկ ժողովուրդը դիտում էր. իշխանավորները նրանց հետ ծաղրում էին նրան և ասում. «Ուրիշներին ազատեց, թող ինքն իրեն էլ ազատի, եթե դա է Քրիստոսը՝ Աստծու ընտրյալ Որդին»։ ³⁶ Զինվորներն էլ ծաղրում էին նրան. առաջ էին գալիս, քացախ էին մատուցում նրան և ասում. ³⁷ «Եթե դու հրեաների թագավորն ես, փրկի՛ր ինքդ քեզ»։ ³⁸ Եվ նրա խաչի վրա մի գրություն կար՝ գրված հունարեն, լատիներեն և եբրայերեն գրերով՝ «Սա՛ է հրեաների արքան»։ ³⁹ Իսկ կախված չարագործներից մեկը հայհոյում էր նրան և ասում. «Դու չե՞ս Քրիստոսը. փրկի՛ր ինքդ քեզ և մեզ»։ ⁴⁰ Նրա ընկերը, նրան սաստելով, պատասխան տվեց և ասաց. «Աստծուց չե՞ս վախենում, դու, որ նույն պատիժն ես կրում։ ⁴¹ Եվ մենք իրավացիորեն արժանի հատուցումն ենք ստանում այն գործերի համար, որ կատարեցինք, իսկ սա որևէ վատ բան չի արել»։ ⁴² Եվ ասաց Հիսուսին. «Հիշի՛ր ինձ, Տե՛ր, երբ գաս քո թագավորությամբ»։ ⁴³ Եվ Հիսուսը նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ինձ հետ դրախտում կլինես»։ ⁴⁴ Համարյա կեսօր էր. և խավար եղավ ամբողջ երկրի վրա մինչև ժամը երեքը. արեգակը խավարեց։ ⁴⁵ Եվ տաճարի վարագույրը մեջտեղից պատռվեց։ ⁴⁶ Հիսուսը բարձրաձայն աղաղակեց և ասաց. «Հա՛յր, քո ձեռքն եմ ավանդում իմ հոգին» ։ Երբ այս ասաց, հոգին ավանդեց։ ⁴⁷ Հարյուրապետը, պատահածը տեսնելով, փառավորեց Աստծուն և ասաց. «Իսկապես այս մարդը արդար էր»։ ⁴⁸ Եվ ամբողջ ժողովուրդը, որ եկել և դիտում էր այս տեսարանն ու կատարվածը, ծեծում էր կուրծքը և վերադառնում։ ⁴⁹ Նրա բոլոր ծանոթներն էլ կանգնել էին հեռվում, ինչպես նաև կանայք, որոնք Գալիլեայից նրա հետևից էին եկել, տեսնում էին այս բաները։ ⁵⁰ Եվ ահա Հովսեփ անունով մի մարդ կար, որը հրեաների խորհրդի անդամ էր, բարեգործ և արդար մի մարդ ⁵¹ (սա չէր միացել նրանց մտադրություններին ու գործերին)։ Հրեաների Արիմաթեա քաղաքից էր և ինքն էլ էր սպասում Աստծու թագավորությանը։ ⁵² Նա, Պիղատոսի մոտ գալով, ուզեց Հիսուսի մարմինը։ ⁵³ Եվ նրան խաչից իջեցնելով՝ փաթաթեց պատանքով ու դրեց վիմափոր գերեզմանի մեջ, որտեղ բնավ ոչ ոք չէր դրվել։ ⁵⁴ Օրն ուրբաթ էր, ու լուսանում էր շաբաթը։ ⁵⁵ Հովսեփի հետևից գնում էին կանայք, որոնք Գալիլեայից էին եկել Հիսուսի հետ. նրանք տեսան գերեզմանը, և թե ինչպես նրա մարմինն այնտեղ դրվեց։ ⁵⁶ Վերադարձան, խնկեր և յուղեր պատրաստեցին ու շաբաթ օրը, օրենքի համաձայն, հանգիստ արեցին։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia
0:00
0:00