¹¹ Բայց Մարիամը կանգնած էր գերեզմանի դուրսն ու լաց էր լինում։ Մինչ արտասվում էր, կռացավ դեպի գերեզմանը ¹² և սպիտակների մեջ երկու հրեշտակների տեսավ, որոնք նստել էին. մեկը՝ գլխի, իսկ մյուսը՝ ոտքերի մոտ, այնտեղ, որտեղ Հիսուսի մարմինն էր եղել։ ¹³ Եվ նրան ասացին. «Ո՛վ կին, ինչո՞ւ ես լալիս»։ Նա պատասխանեց. «Որովհետև իմ Տիրոջը գերեզմանից վերցրել են, և չգիտեմ՝ ո՛ւր են դրել»։ ¹⁴ Երբ այս ասաց, թիկունքի կողմը շրջվեց ու տեսավ կանգնած Հիսուսին, բայց չէր իմանում, որ Հիսուսն է։ ¹⁵ Հիսուսը նրան ասաց. «Ո՛վ կին, ինչո՞ւ ես լալիս, ո՞ւմ ես փնտրում»։ Մարիամին թվաց, թե պարտիզպանն է, և ասաց նրան. «Տե՛ր, եթե դու ես նրան վերցրել, ասա՛ ինձ՝ ուր ես դրել նրան, որպեսզի ես նրան վերցնեմ»։ ¹⁶ Հիսուսը նրան ասաց՝ Մարիա՛մ։ Նա էլ եբրայերեն դիմեց նրան ու ասաց՝ Ռաբբունի՛ (որ թարգմանվում է «վարդապետ»)։ ¹⁷ Հիսուսը նրան ասաց. «Ինձ մի՛ մոտեցիր, քանի որ դեռ Հորս մոտ չեմ բարձրացել. հիմա դու գնա՛ իմ եղբայրների մոտ ու նրանց ասա՛, որ ես բարձրանում եմ իմ Հոր և ձեր Հոր մոտ, իմ Աստծու և ձեր Աստծու մոտ»։ ¹⁸ Մարիամ Մագդաղենացին եկավ ու աշակերտներին պատմեց, որ ինքը տեսել է Տիրոջը, և նա իրեն այս է ասել։ ¹⁹ Նույն կիրակի օրվա երեկոյան էր։ Աշակերտները հրեաների վախի պատճառով հավաքվել էին մի տան մեջ ու փակել դռները։ Հանկարծ Հիսուսը եկավ, կանգնեց նրանց մեջտեղում ու նրանց ասաց. «Խաղաղությո՜ւն ձեզ»։ ²⁰ Այս ասելով՝ նրանց ցույց տվեց իր ձեռքերն ու կողը։ Աշակերտներն ուրախացան՝ Տիրոջը տեսնելով։ ²¹ Նա դարձյալ նրանց ասաց. «Խաղաղությո՜ւն ձեզ. ինչպես իմ Հայրն ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում»։ ²² Երբ այս ասաց, նրանց վրա փչեց ու ասաց. «Առե՛ք Սուրբ Հոգին։ ²³ Եթե մեկի մեղքերը ներեք, նրան ներված կլինի. եթե մեկի մեղքերը չներեք, ներված չի լինի»։ ²⁴ Իսկ Թովմասը՝ տասներկուսից մեկը՝ Երկվորյակ կոչվածը, նրանց հետ չէր, երբ Հիսուսը եկավ։ ²⁵ Մյուս աշակերտները նրան ասացին. «Տիրոջը տեսանք»։ Իսկ նա նրանց ասաց. «Մինչև չտեսնեմ նրա ձեռքերի վրա մեխերի նշանը և իմ մատները մեխերի տեղերը չդնեմ ու իմ ձեռքը նրա կողի մեջ չխրեմ, չեմ հավատա»։ ²⁶ Ութ օր հետո աշակերտները դարձյալ ներսում էին, Թովմասն էլ՝ նրանց հետ։ Հիսուսը մտավ փակ դռներով, կանգնեց մեջտեղում ու ասաց. «Խաղաղությո՜ւն ձեզ»։ ²⁷ Ապա Թովմասին ասաց. «Բե՛ր քո մատները և դի՛ր այստեղ ու տե՛ս իմ ձեռքերը, բե՛ր քո ձեռքն ու մտցրո՛ւ իմ կողի մեջ. մի՛ տարակուսիր, այլ հավատա՛»։ ²⁸ Թովմասը պատասխանեց նրան՝ Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ։ ²⁹ Հիսուսը նրան ասաց. «Հավատացիր, որովհետև տեսար ինձ. երանի՜ նրանց, որոնք չեն տեսել, սակայն կհավատան»։ ³⁰ Իր աշակերտների առաջ Հիսուսը բազում այլ նշաններ էլ գործեց, որոնք այս գրքում գրված չեն։ ³¹ Բայց այսքանը գրվեց, որպեսզի դուք հավատաք, որ Հիսուս Քրիստոսն է՝ Աստծու Որդին, և որպեսզի հավատաք ու նրա անունով հավիտենական կյանքն ընդունեք։
⁵⁰ Ապա նրանց տարավ հանեց մինչև Բեթանիա և բարձրացնելով իր ձեռքերը՝ օրհնեց նրանց։ ⁵¹ Եվ մինչ նա օրհնում էր նրանց, բաժանվեց նրանցից՝ դեպի երկինք վերանալով։ ⁵² Իսկ նրանք երկրպագեցին Հիսուսին և մեծ ուրախությամբ վերադարձան Երուսաղեմ։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia
0:00
0:00