¹ Սկզբից էր Բանը և Բանն Աստծու մոտ էր և Բանն Աստված էր։ ² Նա սկզբից Աստծու մոտ էր։ ³ Ամեն ինչ նրանով եղավ, և առանց նրա չեղավ ոչինչ, որ եղել է։ ⁴ Կյանքը նրանով էր, և այդ կյանքը մարդկանց համար լույս էր։ ⁵ Եվ լույսը խավարի մեջ լուսավորում է, և խավարը նրան չնվաճեց։ ⁶ Կար մի մարդ՝ Աստծուց ուղարկված, նրա անունը՝ Հովհաննես։ ⁷ Սա եկավ իբրև վկա, որպեսզի վկայի լույսի մասին, և որպեսզի բոլորն էլ հավատան նրա միջոցով։ ⁸ Նա Լույսը չէր, այլ եկել էր, որ վկայի Լույսի մասին։ ⁹ Այդ ճշմարիտ Լույսն էր, որ լուսավորում է ամեն մարդու, որ աշխարհ է գալու։ ¹⁰ Նա աշխարհի մեջ էր, և աշխարհը նրանով արարվեց, սակայն աշխարհը նրան չճանաչեց։ ¹¹ Յուրայինների մոտ եկավ, բայց յուրայինները նրան չընդունեցին։ ¹² Իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանություն տվեց Աստծու որդիները լինելու, նրանց, ովքեր իր անվանը կհավատան։ ¹³ Նրանք Աստծուց ծնվեցին, և ոչ թե արյունից, մարմնի ու մարդու կամքից։ ¹⁴ Եվ Բանը մարմին դարձավ ու բնակվեց մեր մեջ, և տեսանք նրա փառքը. փառք, որ Հայրն է տալիս Միածնին՝ լի շնորհով ու ճշմարտությամբ։ ¹⁵ Հովհաննեսը վկայում էր նրա մասին, աղաղակում և ասում. «Սա է, որի մասին ասացի, թե իմ հետևից էր գալու, ահա ինձնից ավելի մեծ եղավ, որովհետև ինձնից առաջ էր»։ ¹⁶ Մենք բոլորս նրա լիությունից շնորհը շնորհի վրա ստացանք, ¹⁷ որովհետև օրենքը Մովսեսի միջոցով տրվեց, իսկ շնորհը և ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի միջոցով եղան։ ¹⁸ Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել, բացի միածին Որդուց, որ Հոր ծոցում է. նա նրա մասին մեզ հայտնեց։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia
0:00
0:00