¹⁸ «Եթե աշխարհը ձեզ ատում է, իմացե՛ք, որ նախ ինձ է ատել։ ¹⁹ Եթե այս աշխարհից լինեիք, աշխարհն արդեն իբրև յուրայինների ձեզ սիրած կլիներ. բայց որովհետև այս աշխարհից չեք, այլ ես ձեզ աշխարհից ընտրեցի, դրա համար աշխարհն ատում է ձեզ։ ²⁰ Հիշե՛ք այն խոսքը, որ ես ձեզ ասացի՝ “Ծառան ավելի մեծ չէ, քան իր տերը”. եթե ինձ հալածեցին, ապա ձեզ էլ կհալածեն, եթե իմ խոսքը պահեցին, ապա ձերն էլ կպահեն։ ²¹ Բայց նույն այս բոլոր բաները ձեզ պիտի անեն իմ անվան պատճառով, որովհետև չեն ճանաչում ինձ ուղարկողին։ ²² Եթե ես եկած և նրանց հետ խոսած չլինեի, նրանք որևէ մեղք ունեցած չէին լինի. բայց հիմա իրենց մեղքի համար ոչ մի արդարացում չկա։ ²³ Ով ինձ է ատում, իմ Հորն էլ է ատում։
¹⁶ «Ահա ես ձեզ ուղարկում եմ որպես ոչխարներ՝ գայլերի մեջ։ Այսուհետև օձերի պես խորագե՛տ եղեք և աղավնիների պես՝ միամիտ։ ¹⁷ Զգո՛ւյշ եղեք մարդկանցից, որովհետև ձեզ դատարաններ կհանձնեն և ձեզ իրենց ատյաններում կտանջեն։ ¹⁸ Ձեզ կառավարիչների ու թագավորների առաջ կտանեն իմ պատճառով, որպեսզի նրանց և հեթանոսներին վկայություն տաք։ ¹⁹ Բայց երբ ձեզ մատնեն, չմտագոհվեք, թե ինչպե՛ս կամ ի՛նչ պիտի խոսեք, որովհետև այդ ժամին ձեզ կտրվի այն, ինչ պիտի խոսեք, ²⁰ որովհետև ոչ թե դուք եք խոսելու, այլ ձեր Հոր Հոգին, որ կխոսի ձեր միջոցով։ ²¹ Եղբայրն իր եղբորը մահվան կմատնի, հայրը՝ որդուն։ Զավակները ծնողների դեմ կելնեն և նրանց կսպանեն։ ²² Եվ իմ անվան պատճառով բոլորից ատված կլինեք։ Բայց ով համբերի մինչև վերջ, նա՛ կփրկվի։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia
0:00
0:00