¹⁵ «Եթե ինձ սիրեք, կպահեք իմ պատվիրանները. ¹⁶ և ես պիտի աղաչեմ Հորը, և նա այլ Մխիթարիչ պիտի տա ձեզ, որպեսզի հավիտյան ձեզ հետ բնակվի. ¹⁷ Ճշմարտության Հոգին, որին այս աշխարհը չի կարող ընդունել, որովհետև նրան չի տեսնում և նրան չի ճանաչում, բայց դուք ճանաչում եք նրան, որովհետև ձեզ մոտ պիտի բնակվի և ձեզ հետ պիտի լինի։ ¹⁸ Ձեզ որբ չեմ թողնի, կգամ ձեզ մոտ։ ¹⁹ Մի փոքր ժամանակ ևս, և այս աշխարհն այլևս ինձ չի տեսնի, բայց դուք կտեսնեք ինձ, որովհետև ես կենդանի եմ, և դուք էլ կենդանի եք լինելու։ ²⁰ Այն օրը դուք պիտի իմանաք, որ ես իմ Հոր մեջ եմ, և դուք՝ իմ մեջ, ու ես՝ ձեր մեջ։ ²¹ Ով իմ պատվիրաններն ընդունում է, դրանք պահում է, նա՛ է, որ ինձ սիրում է. ով սիրում է ինձ, պիտի սիրվի իմ Հորից. ես էլ նրան պիտի սիրեմ և ինձ պիտի հայտնեմ նրան»։ ²² Հուդան (ոչ Իսկարիովտացին) ասաց նրան. «Տե՛ր, ինչպե՞ս եղավ, որ քեզ պիտի հայտնես մեզ և ոչ թե աշխարհին»։ ²³ Հիսուսը պատասխանեց նրան. «Եթե մեկը սիրում է ինձ, իմ խոսքը կպահի, և իմ Հայրը նրան կսիրի, և մենք նրա մոտ կգանք ու նրա մոտ կօթևանենք։ ²⁴ Ով ինձ չի սիրում, իմ խոսքերը չի պահում. և իմ խոսքը, որ լսում եք, իմը չէ, այլ Հորը, որ ինձ ուղարկեց։ ²⁵ Այս բաներն ասացի ձեզ, մինչ ձեզ հետ եմ։ ²⁶ Իսկ Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի իմ անունով, նա ձեզ ամեն բան կուսուցանի և կհիշեցնի այն ամենը, ինչ ես ասացի ձեզ»։ ²⁷ «Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովվեն և չվախենան։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia
0:00
0:00