¹ Պատահեց, որ Հիսուսը մի տեղ աղոթքի էր կանգնած. և երբ վերջացրեց, նրա աշակերտներից մեկն ասաց նրան. «Տե՛ր, մեզ աղոթե՛լ սովորեցրու, ինչպես Հովհաննեսը սովորեցրեց իր աշակերտներին»։ ² Նա ասաց նրանց. «Երբ աղոթքի կանգնեք, ասե՛ք. Հա՛յր մեր, սուրբ թող լինի քո անունը. քո արքայությունը թող գա։ ³ Մեր հանապազօրյա հացը տո՛ւր մեզ ամեն օր։ ⁴ Եվ ների՛ր մեզ մեր մեղքերը, ինչպես մենք էլ ներում ենք ամեն մարդու, որ հանցանք է գործում մեր դեմ, և մի՛ տար մեզ փորձության»։ ⁵ Եվ Հիսուսը նրանց ասաց. «Ձեզնից ո՞վ է, որ բարեկամ ունենա, գնա նրա մոտ կեսգիշերին և ասի նրան. “Բարեկա՛մ, ինձ երեք նկանակ փո՛խ տուր, ⁶ որովհետև իմ բարեկամը ճանապարհից եկավ ինձ մոտ, և ես նրա առաջ դնելու ոչինչ չունեմ”։ ⁷ Իսկ նա ներսից պատասխանի և ասի. “Ինձ նեղություն մի՛ տուր, որովհետև դռները փակված են, և երեխաներս ինձ հետ անկողնում են, չեմ կարող վեր կենալ և քեզ հաց տալ”։ ⁸ Ասում եմ ձեզ, եթե բարեկամության համար էլ վեր չկենա և հաց չտա նրան, նրա թախանձանքի՛ պատճառով վեր կենալով կտա նրան, ինչ որ պետք է։ ⁹ Եվ ես ասում եմ ձեզ. խնդրե՛ք, և Աստծուց կտրվի ձեզ, փնտրե՛ք, և կգտնեք, բախե՛ք, և կբացվի ձեզ համար, ¹⁰ որովհետև, ով խնդրում է, առնում է, ով փնտրում է, գտնում է, և ով բախում է, բացվում է նրա առաջ։ ¹¹ Ձեզնից ո՞վ է այն հայրը, որի որդին եթե ձուկ ուզի, մի՞թե ձկան փոխարեն օձ կտա նրան. ¹² և կամ ձու ուզի, մի՞թե կարիճ կտա նրան։ ¹³ Իսկ եթե դուք, որ չար եք, գիտեք բարի պարգևներ տալ ձեր որդիներին, որչա՜փ առավել ձեր երկնավոր Հայրը բարիքներ կտա նրանց, ովքեր ուզում են իրենից»։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia
0:00
0:00