¹ «Ես եմ ճշմարիտ որթատունկը, և իմ Հայրը մշակն է։ ² Ամեն ճյուղ, որ վրաս է և պտուղ չի տալիս, նա կտրում է այն. և այն ամենը, որ պտուղ է տալիս, էտում է, որպեսզի առավել ևս պտղաբեր լինի։ ³ Դուք արդեն իսկ սրբված եք այն խոսքի շնորհիվ, որ ասացի ձեզ։ ⁴ Մնացե՛ք իմ մեջ, և ես՝ ձեր մեջ. ինչպես ճյուղը, որ ինքն իրեն չի կարող պտուղ տալ, եթե որթատունկի վրա հաստատված չլինի, նույնպես և դուք, եթե ինձ վրա հաստատված չլինեք։ ⁵ Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճյուղերը։ Ով իմ մեջ է բնակվում, և ես՝ նրա մեջ, նա շատ պտուղ է տալիս, որովհետև առանց ինձ ոչինչ անել չեք կարող։ ⁶ Եթե մեկն ինձ վրա հաստատված չէ, նա ճյուղի նման դուրս կնետվի ու կչորանա, ապա այն կհավաքեն ու կրակը կնետեն, և կայրվի։ ⁷ Եթե իմ մեջ մնաք, և իմ խոսքերն էլ՝ ձեր մեջ, ինչ որ կամենաք, խնդրե՛ք Աստծուց, և ձեզ կտրվի։ ⁸ Իմ Հայրը փառավորված կլինի, երբ դուք շատ պտուղ տաք և իմ աշակերտները լինեք։ ⁹ Ինչպես Հայրն ինձ սիրեց, ես էլ ձեզ սիրեցի. իմ սիրո մեջ հաստատո՛ւն մնացեք։ ¹⁰ Եթե իմ պատվիրանները պահեք, հաստատուն կմնաք իմ սիրո մեջ, ինչպես ես իմ Հոր պատվիրանները պահեցի և շարունակում եմ մնալ նրա սիրո մեջ։ ¹¹ Այս բաները ձեզ ասացի, որպեսզի իմ ուրախությունը ձեր մեջ լինի, և դուք կատարելապես ուրախ լինեք։ ¹² Այս է իմ պատվերը, որ սիրեք միմյանց, ինչպես որ ես սիրեցի ձեզ։ ¹³ Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար։ ¹⁴ Դուք իմ բարեկամներն եք, եթե անեք այն, ինչ ես պատվիրում եմ ձեզ։ ¹⁵ Այլևս ձեզ ծառաներ չեմ կոչում, որովհետև ծառան չգիտի, թե տերն ի՛նչ է անում. այլ ձեզ բարեկամներ կոչեցի, որովհետև այն բոլորը, ինչ իմ Հորից լսեցի, հայտնեցի ձեզ։ ¹⁶ Ոչ թե դուք ընտրեցիք ինձ, այլ ես ընտրեցի ձեզ և կարգեցի ձեզ, որ դուք գնաք ու պտղաբեր լինեք, և ձեր պտուղը մնա, որպեսզի ինչ էլ որ իմ անունով Հորից խնդրեք, տա ձեզ։ ¹⁷ Այս եմ պատվիրում ձեզ, որ սիրեք միմյանց»։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia
0:00
0:00