¹ Այդժամ Հիսուսը խոսեց ժողովրդի ու իր աշակերտների հետ ² և ասաց. «Մովսեսի աթոռի վրա նստեցին դպիրներն ու փարիսեցիները։ ³ Այն ամենը, ինչ կասեն ձեզ, արե՛ք և պահե՛ք, բայց մի՛ արեք այն, ինչ նրանք են անում, որովհետև ասում են, բայց չեն անում։ ⁴ Ծանր ու դժվարակիր բեռներ են կապում և դնում մարդկանց ուսերին, բայց իրենց մատով անգամ չեն ցանկանում շարժել դրանք։ ⁵ Իրենց բոլոր գործերն անում են՝ մարդկանց ցուցադրելու համար. լայնացնում են իրենց գրապանակները և երկարացնում իրենց հագուստների քղանցքները։ ⁶ Սիրում են ընթրիքների ժամանակ պատվավոր տեղերը գրավել, ժողովարաններում՝ առաջին աթոռները, ⁷ հրապարակներում ողջույններ ընդունել և մարդկանցից «Ռաբբի, Ռաբբի» կոչվել։ ⁸ Բայց դուք որևէ մեկին «Վարդապետ» մի՛ կոչեք, որովհետև դուք մեկ Ուսուցիչ ունեք, և ամենքդ էլ եղբայրներ եք։ ⁹ Երկրի վրա ոչ մեկին ձեզ «հայր» մի՛ կոչեք, որովհետև դուք մեկ Հայր ունեք, որ երկնքում է։ ¹⁰ Ոչ էլ ուսուցիչներ կոչվեք, որովհետև Քրիստոսն է ձեր ուսուցիչը։ ¹¹ Ձեր միջից ավելի մեծը ձեր սպասավորը պիտի լինի։ ¹² Ով բարձրացնում է իր անձը, կխոնարհվի, և ով խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia
0:00
0:00