¹ Եթե հարություն առաք Քրիստոսի հետ, ապա փնտրե՛ք վերին բաները, որտեղ Քրիստոսն է՝ նստած Աստծու աջ կողմը։ ² Վերի՛ն բաների մասին խորհեք և ոչ թե այն բաների, որ այստեղ՝ երկրի վրա են, ³ որովհետև մեռաք, և ձեր կյանքը ծածկված է Քրիստոսի հետ՝ Աստծու մեջ։ ⁴ Իսկ երբ Քրիստոսը՝ ձեր կյանքը, հայտնվի, այն ժամանակ դուք էլ նրա հետ կհայտնվեք փառքով։ ⁵ Սպանե՛ք, ուրեմն, ձեր երկրավոր ցանկությունները՝ պոռնկությունը, պղծությունը, կիրքը, չար ցանկությունը և ագահությունը, որ կռապաշտություն է, ⁶ որոնց պատճառով Աստծու բարկությունն է գալիս անհնազանդ որդիների վրա։ ⁷ Դուք նույնպես մի ժամանակ այդպես էիք ընթանում, երբ ապրում էիք այդ ցանկություններով։ ⁸ Այժմ դուք ևս թոթափե՛ք այդ ամենը՝ բարկությունը, զայրույթը, չարությունը, հայհոյությունը և խեղկատակությունը ձեր բերաններից։ ⁹ Մի՛ ստեք միմյանց։ Ձեր վրայից հանե՛ք հին մարդուն իր գործերով ¹⁰ և հագե՛ք նորը՝ նորոգված գիտությամբ, իր Արարչի պատկերի համաձայն։ ¹¹ Այստեղ այլևս չկա ո՛չ հրեա, ո՛չ էլ հեթանոս, թլփատություն կամ անթլփատություն, բարբարոս, սկյութացի, ծառա, ազատ, այլ Քրիստոսն է ամեն ինչ և ամեն ինչի մեջ։ ¹² Որպես Աստծու ընտրյալներ, սրբեր և սիրելիներ՝ այսուհետև հագե՛ք գութ, ողորմություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, համբերատարություն՝ ¹³ հանդուրժելով միմյանց, ներելով փոխադարձաբար, եթե մեկը մյուսի դեմ գանգատ ունի։ Ինչպես Աստված Քրիստոսով ներեց ձեզ, այնպես էլ դուք ներե՛ք իրար։ ¹⁴ Եվ այս բոլորի վրա ունեցե՛ք սերը, որ կապն է կատարելության։ ¹⁵ Եվ ձեր սրտերում թող թագավորի Քրիստոսի խաղաղությունը, որին և կանչվեցիք մեկ մարմնի մեջ։ Եվ գոհությո՛ւն մատուցեք։ ¹⁶ Թող Քրիստոսի խոսքը բնակվի ձեր մեջ առատապես, որպեսզի կատարյալ իմաստությամբ ուսուցանեք և խրատեք միմյանց, սաղմոսներով, օրհնություններով, հոգևոր երգերով և ձեր սրտերում երախտագիտությամբ օրհնեք Աստծուն։ ¹⁷ Եվ ինչ էլ որ անեք՝ խոսքով թե գործով, ամեն ինչ արե՛ք Տեր Հիսուսի անունով։ Գոհությո՛ւն մատուցեք նրա միջոցով Աստծուն՝ Հորը։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia
0:00
0:00