²¹ Այդ ժամանակ Պետրոսը մոտեցավ նրան և ասաց. «Տե՛ր, եթե եղբայրս մեղանչի իմ դեմ, քանի՞ անգամ ներեմ նրան. մինչև յո՞թ անգամ»։ ²² Հիսուսն ասաց նրան. «Քեզ չեմ ասում մինչև յոթ անգամ, այլ մինչև յոթանասուն անգամ յոթ»։ ²³ «Երկնքի արքայությունը նմանվում է մի թագավորի, որը ցանկացավ իր ծառաների հաշիվները քննել։ ²⁴ Երբ սկսեց հաշվեքննությունը, նրա մոտ բերվեց տասը հազար քանքարի մի պարտապան։ ²⁵ Քանի որ հատուցելու ոչինչ չուներ, նրա տերը հրամայեց վաճառել նրան, նրա կնոջը, որդիներին և այն ամենը, ինչ ուներ, և հատուցել։ ²⁶ Ծառան ընկավ նրա առաջ, երկրպագեց նրան և ասաց. “Համբերատա՛ր եղիր իմ հանդեպ, և բոլորը կհատուցեմ քեզ”։ ²⁷ Ծառայի տերը գթալով արձակեց նրան և պարտքը ներեց։ ²⁸ Իսկ ծառան դուրս գալուն պես գտավ իր ծառայակիցներից մեկին, որն իրեն հարյուր դահեկան էր պարտք, և բռնելով նրան՝ սկսեց խեղդել և ասել. “Հատուցի՛ր ինձ պարտքդ”։ ²⁹ Ծառայակիցը, ընկնելով նրա ոտքերը, սկսեց աղաչել նրան և ասել. “Համբերատա՛ր եղիր իմ հանդեպ, և կհատուցեմ քեզ”։ ³⁰ Բայց նա չցանկացավ, այլ գնաց, նրան բանտը գցեց, մինչև պարտքը հատուցեր։ ³¹ Նրա մյուս ծառայակիցները, երբ տեսան պատահածը, վշտացան և եկան հայտնեցին իրենց տիրոջն այն ամենը, ինչ եղել էր։ ³² Այդ ժամանակ տերը կանչեց նրան և ասաց. “Չա՛ր ծառա, ամբողջ պարտքդ քեզ ներեցի, որովհետև աղաչեցիր ինձ։ ³³ Արդ, պետք չէ՞ր, որ դու էլ ողորմեիր քո ծառայակցին, ինչպես ես քեզ ողորմեցի”։ ³⁴ Եվ նրա տերը բարկանալով նրան հանձնեց դահիճներին, մինչև հատուցեր ամբողջ պարտքը։ ³⁵ Նույն կերպ էլ կանի ձեզ իմ Հայրը, որ երկնքում է, եթե յուրաքանչյուրդ սրտանց չների իր եղբոր հանցանքները»։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia
0:00
0:00