⁸ Օրհներգ։ Գոհությո՛ւն մատուցեք Տիրոջը և կանչե՛ք նրա անունը, պատմե՛ք ժողովուրդներին նրա գործերը, ⁹ օրհներգե՛ք նրան ու օրհնաբանե՛ք նրան, պատմե՛ք բոլորին Տիրոջ սքանչելագործությունները։ ¹⁰ Օրհնե՛ք նրա սուրբ անունը, թող ուրախ լինի նրան փնտրողների սիրտը։ ¹¹ Տիրո՛ջը փնտրեք ու հզոր կլինեք, միշտ նրա ներկայությո՛ւնը փնտրեք։ ¹² Հիշե՛ք նրա կատարած սքանչելագործությունները, նշաններն ու բերանի դատաստանները։ ¹³ Ո՜վ Իսրայելի զավակներ, նրա ծառանե՛ր, Հակոբի՛ որդիներ և նրա ընտրյալնե՛ր, ¹⁴ Նա է Տերը՝ մեր Աստվածը, նրա դատաստանները բովանդակ երկրի վրա են։ ¹⁵ Հավիտյան թող հիշեն նրա ուխտը, պատվիրած խոսքերը մինչև հազար սերունդ, ¹⁶ այն ուխտը, որ նա դրեց Աբրահամի հետ, և իր երդումը՝ Իսահակի հետ։ ¹⁷ Նա այն հաստատեց Հակոբի համար որպես օրենք, իսկ Իսրայելի համար՝ որպես հավիտենական ուխտ՝ ¹⁸ Ասելով. «Քեզ եմ տալու Քանանի երկիրը, որպես ձեր ժառանգության բաժին»։ ¹⁹ Որովհետև նրանք սակավաթիվ և պանդուխտ էին այնտեղ։ ²⁰ Մի ազգից մյուս ազգի մոտ գնացին նրանք, մի թագավորությունից անցան այլ ժողովրդի մոտ։ ²¹ Տերը չթողեց, որ որևէ մեկը կեղեքի նրանց և հանուն նրանց սաստեց թագավորների՝ ասելով. ²² «Իմ օծյալներին մի՛ մոտեցեք և իմ մարգարեների հանդեպ չար մի՛ եղեք»։ ²³ Օրհնաբանի՛ր Տիրոջը, երկի՛ր բովանդակ, օրըստօրե պատմե՛ք նրա կատարած փրկագործությունը։ ²⁴ Պատմե՛ք նրա փառքը հեթանոսներին և բոլոր ժողովուրդներին՝ նրա սքանչելիքները, ²⁵ Քանզի մեծ է Տերը, հույժ օրհնյալ և բոլոր աստվածներից ավելի ահավոր, ²⁶ Քանի որ ազգերի բոլոր աստվածները կուռքեր են, իսկ Աստված երկինքն է արարչագործել։ ²⁷ Փա՜ռք և գովությո՜ւն նրա առաջ, զորությո՜ւն ու պարծա՜նք նրա բնակության տեղին։ ²⁸ Ո՜վ ազգերի տոհմեր, փա՛ռք տվեք Տիրոջը, փա՛ռք և զորություն տվեք Տիրոջը. ²⁹ Տիրո՛ջը տվեք իր անվան փառքը, ընծանե՛ր բերեք ու մատուցե՛ք նրա առաջ, երկրպագե՛ք Տիրոջը նրա սուրբ սրահում։ ³⁰ Թող ամբողջ երկիրը վախենա նրանից, թող երկիրը հաստատուն մնա և չսասանվի։ ³¹ Երկինքը թող ուրախ լինի, և երկիրը ցնծա, թող հեթանոսներին ասեն՝ «Տերը թագավորեց»։ ³² Ծովն իր պարունակությամբ թող որոտա, ծառերն անտառի և դրա մեջ եղած ամեն ինչ։ ³³ Այնժամ ուրախ կլինեն բոլոր ծառերն անտառի, քանզի Տերը եկել է՝ դատելու երկիրը։ ³⁴ Գոհությո՛ւն մատուցեք Տիրոջը, քանզի բարի է նա, և հավերժ է նրա ողորմածությունը։ ³⁵ Եվ աղաղակե՛ք. «Փրկի՛ր մեզ, ո՜վ մեր փրկության Աստված, փրկի՛ր մեզ մեր թշնամիներից, որ օրհնենք քո սուրբ անունը և պարծենանք քո օրհնություններով։ ³⁶ Օրհնյա՜լ լինի Տերը՝ Իսրայելի Աստվածը, հավիտյանս հավիտենից»։ Ողջ ժողովուրդն ասաց՝ Ամեն։ Եվ նրանք օրհնաբանեցին Տիրոջը։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia
0:00
0:00