¹ Եղբայրնե՛ր, եթե ձեզնից մեկը հանկարծ բռնվի ինչ-որ հանցանքի մեջ, դուք, որ հոգևոր անձեր եք, այդպիսի մեկին ուղղե՛ք հեզության ոգով. զգո՛ւյշ եղեք ձեր նկատմամբ, որպեսզի դուք էլ փորձության մեջ չընկնեք։ ² Միմյանց բեռը կրե՛ք և այդպիսով կատարե՛ք Քրիստոսի սիրո օրենքը։ ³ Եթե մեկը կարծում է, որ ինքը մի բան է, մինչդեռ ոչինչ է, ինքն իրեն է խաբում։ ⁴ Յուրաքանչյուր ոք թող քննի իր գործը և ապա ինքն իր վրա միայն պարծենա և ոչ թե ընկերոջ հետ համեմատվելով, ⁵ որովհետև յուրաքանչյուր ոք իր բեռն է կրելու։ ⁶ Նա, որ աշակերտում է Աստծու խոսքին, թող իր բոլոր բարիքներից բաժին հանի իր ուսուցչին։ ⁷ Չխաբվեք. Աստծուն չի կարելի ծաղրել, ⁸ որովհետև մարդ ինչ որ սերմանում է, նույնն էլ կհնձի։ Ով սերմանում է իր մարմնի համար, մարմնից էլ կհնձի ապականություն, իսկ ով սերմանում է Սուրբ Հոգու համար, Սուրբ Հոգուց էլ կհնձի հավիտենական կյանք։ ⁹ Չձանձրանանք բարիք գործելուց, որովհետև եթե չթուլանանք, իր ժամանակին կհնձենք։ ¹⁰ Այսուհետև քանի դեռ ժամանակը մեր ձեռքին է, բարիք անենք բոլորին, մանավանդ նրանց, ովքեր պատկանում են հավատի ընտանիքին։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia
0:00
0:00