²³ Եվ այնտեղից ազատ արձակվելով՝ առաքյալները եկան յուրայինների մոտ ու պատմեցին, թե իրենց ինչ բաներ ասացին քահանայապետներն ու ծերերը։ ²⁴ Այս լսելով՝ նրանք իրենց ձայնն առ Աստված բարձրացրին ու ասացին. «Դու, Տե՛ր Աստված, որ ստեղծեցիր երկինքն ու երկիրը և ծովն ու նրա մեջ եղած ամեն բան, ²⁵ Սուրբ Հոգու միջոցով մեր հոր՝ Դավթի՝ քո ծառայի բերանով ասացիր. “Ինչո՞ւ խռովվեցին հեթանոսները, ինչո՞ւ ժողովուրդները սին բաների մասին խորհեցին. ²⁶ երկրի թագավորներն իրար մոտ եկան, և ժողովրդի իշխանները միասին հավաքվեցին Տիրոջ և նրա Օծյալի դեմ” ։ ²⁷ Արդարև, այս քաղաքում հավաքվեցին Հերովդեսը և Պիղատոս Պոնտացին հեթանոսների և Իսրայելի հետ, քո սուրբ Որդու՝ Հիսուսի դեմ, որին դու օծեցիր, ²⁸ անելու այն, ինչ քո ձեռքն ու կամքը նախապես սահմանել էին, որ կատարվի։ ²⁹ Եվ այժմ, Տե՛ր, նայի՛ր նրանց սպառնալիքներին և քո ծառաներին ամենայն համարձակությամբ քո խո՛սքը խոսել տուր. ³⁰ իսկ երբ քո ձեռքը մեկնես բժշկության համար, նաև նշաններ ու զարմանալի գործեր թող լինեն քո սուրբ Որդու՝ Հիսուսի անունով»։ ³¹ Եվ մինչ նրանք աղոթքի մեջ էին, շարժվեց այն տեղը, որտեղ նրանք հավաքված էին։ Ամենքը լցվեցին Սուրբ Հոգով և Աստծու խոսքն էին քարոզում համարձակությամբ։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia
0:00
0:00