¹ Իսկ Անանիա անունով մի մարդ, իր կնոջ՝ Սափիրայի հետ մի ագարակ վաճառեց ² և նրա գումարից մի մաս կնոջ իմացությամբ թաքցրեց, իսկ մյուս մասը բերեց, առաքյալների տրամադրության տակ դրեց։ ³ Պետրոսն ասաց. «Անանիա՛, ինչո՞ւ սատանան լցրեց քո սիրտը, որ դու ստեիր Սուրբ Հոգուն և ագարակի գումարից թաքցնեիր. ⁴ չէ՞ որ քանի կար, քոնն էր այն, վաճառելիս նույնպես կարող էիր գումարը պահել քեզ։ Ինչպե՞ս եղավ, որ սրտիդ մեջ այս բաները դրեցիր. մարդկանց չստեցիր, այլ Աստծուն»։ ⁵ Եվ Անանիան, այս խոսքերը լսելով, ընկավ ու շունչը փչեց, և մեծ ահ պատեց բոլոր նրանց, ովքեր այս բանը լսեցին։ ⁶ Երիտասարդները ոտքի ելան, պատանքեցին նրան ու տարան թաղեցին։ ⁷ Շուրջ երեք ժամ անցնելուց հետո նրա կինը, որ չգիտեր կատարվածի մասին, ներս մտավ։ ⁸ Պետրոսը դիմեց նրան. «Ասա՛ դու ինձ, այդչա՞փ գնով ագարակը վաճառեցիք»։ Եվ նա պատասխանեց. «Այո՛, այդչափ»։ ⁹ Պետրոսը նրան ասաց. «Ինչի՞ համար միաբանեցիք՝ փորձելու Տիրոջ Հոգին։ Ահա դռան մոտ են ամուսնուդ թաղողները, որոնք քեզ էլ հիմա դուրս կհանեն»։ ¹⁰ Եվ նա իսկույն ընկավ նրա ոտքերի առաջ ու շունչը փչեց։ Երիտասարդները ներս մտան և նրան մեռած գտնելով՝ հանեցին ու թաղեցին իր ամուսնու մոտ։ ¹¹ Եվ մեծ վախ ընկավ ամբողջ եկեղեցու ու բոլոր նրանց վրա, ովքեր այս բանը լսեցին։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia
0:00
0:00