¹⁹ Հովհաննեսի վկայությունն այս է. երբ հրեաները Երուսաղեմից քահանաներ ու ղևտացիներ ուղարկեցին նրա մոտ, որպեսզի հարցնեն նրան՝ դու ո՞վ ես, ²⁰ նա առանց վարանելու խոստովանեց. «Ես Քրիստոսը չեմ»։ ²¹ Նրան հարցրին. «Իսկ դու ո՞վ ես, Եղիա՞ն ես»։ Եվ նա ասաց. «Ո՛չ, չեմ»։ «Իսկ դու մարգարե՞ն ես»,- հարցրին։ Նա պատասխանեց՝ ո՛չ։ ²² «Իսկ ասա՛ մեզ՝ դու ո՞վ ես, որպեսզի պատասխան տանենք մեզ ուղարկողներին. ի՞նչ ես ասում քո մասին»։ ²³ Նա ասաց. «Ես անապատում կանչողի ձայնն եմ, հարթե՛ք Տիրոջ ճանապարհը» , ինչպես ասաց Եսայի մարգարեն։ ²⁴ Եվ ուղարկվածները փարիսեցիների կողմից էին։ ²⁵ Սրանք հարցրին նրան ու ասացին. «Իսկ դու ինչո՞ւ ես մկրտում, եթե դու չես Քրիստոսը, ոչ էլ Եղիան և ոչ էլ մարգարեն»։ ²⁶ Յովհաննեսը պատասխան տվեց նրանց ու ասաց. «Ես ձեզ մկրտում եմ ջրով. ձեր մեջ կա մեկը, որին դուք չեք ճանաչում, ²⁷ որ գալու է իմ հետևից, և որի կոշիկների կապերն արձակելու իսկ արժանի չեմ ես»։ ²⁸ Այս բանը պատահեց Բեթանիայում՝ Հորդանանի մյուս կողմում, որտեղ գտնվում էր Հովհաննեսը և մկրտում։ ²⁹ Հետևյալ օրը նա տեսավ դեպի իրեն եկող Հիսուսին ու ասաց. «Ահա Աստծու Գառը, որ վերացնում է աշխարհի մեղքը։ ³⁰ Սա է նա, որի մասին ասում էի, թե իմ հետևից է գալիս. մարդ, որը ինձնից մեծ եղավ, որովհետև ինձնից առաջ էլ կար։ ³¹ Իսկ ես չէի ճանաչում նրան, բայց որպեսզի հայտնի լինի Իսրայելին, դրա համար եկա ջրով մկրտելու»։ ³² Հովհաննեսը վկայեց ու ասաց. «Տեսնում էի Հոգին, որ երկնքից աղավնու պես իջնում էր և հանգչում նրա վրա։ ³³ Իսկ ես չէի ճանաչում նրան. սակայն նա, ով ինձ ուղարկեց ջրով մկրտելու, ինձ ասաց. “Ում վրա տեսնես, որ Հոգին իջնում և մնում է, նա՛ է, որ մկրտում է Սուրբ Հոգով”։ ³⁴ Եվ ես տեսա ու վկայեցի. “Սա է Աստծու Որդին”»։ ³⁵ Հետևյալ օրը դարձյալ այնտեղ կանգնած էր Հովհաննեսը և իր հետ՝ իր աշակերտներից երկուսը։ ³⁶ Եվ նայելով Հիսուսին, որ գալիս էր, ասաց. «Ահավասիկ Քրիստոսը՝ Աստծու Գառը»։ ³⁷ Երկու աշակերտները նրանից լսեցին, ինչ խոսեց, և գնացին Հիսուսի հետևից։
²⁶ Նրանք եկան Հովհաննեսի մոտ ու նրան ասացին. «Ռաբբի՛, նա, որ Հորդանանի մյուս կողմում քեզ հետ էր, և որի մասին դու վկայեցիր, ահավասիկ նա մկրտում է, և ամենքը գալիս են նրա մոտ»։ ²⁷ Հովհաննեսը պատասխանեց ու ասաց. «Մարդն ինքն իրենից որևէ բան անել չի կարող, եթե նրան ի վերուստ՝ երկնքից, այդ տրված չէ։ ²⁸ Դուք ինքներդ եք վկայում ինձ, որ ձեզ ասացի, թե ես չեմ Քրիստոսը, այլ ուղարկված եմ նրա առաջից։ ²⁹ Ով հարս ունի, նա՛ է փեսան. իսկ փեսայի բարեկամը, որ կանգնած լսում է նրան, մեծապես ուրախանում է փեսայի ձայնի համար։ Արդ, այս ուրախությունը, որ իմն է, կատարյալ է։ ³⁰ Նրա գործը պետք է մեծանա, իսկ իմը՝ նվազի»։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia
0:00
0:00