¹⁶ Եթե ավետարանում եմ, ապա դա ինձ համար պարծանքի առիթ չէ, քանի որ պարտավոր եմ այդ անել։ Բայց վա՛յ ինձ, եթե չավետարանեմ։ ¹⁷ Եթե իմ նախաձեռնությամբ եմ այդ անում, ապա իրավունք ունեմ վարձ ստանալու, իսկ եթե իմ նախաձեռնությամբ չէ, ուրեմն Աստծու կողմից ինձ վրա դրված պարտականություն է։ ¹⁸ Եվ արդ, ի՞նչ է իմ վարձը. որ Ավետարանը ձրի քարոզեմ՝ չօգտվելով այն իրավունքներից, որ տալիս է ինձ Ավետարանի քարոզչությունը։ ¹⁹ Թեպետ ոչ ոքի ենթակա չէի, բայց ինքս ինձ բոլորին ծառա դարձրի, որպեսզի շատերին շահեմ։ ²⁰ Հրեաների հետ եղա հրեայի պես, որպեսզի շահեմ հրեաներին։ ²¹ Եղա օրենքի տակ նրանց պես, ովքեր օրենքի տակ են, չնայած այլևս օրենքի տակ չէի, այլ որպեսզի շահեմ նաև նրանց, որ օրենքի տակ են։ Օրենքի տակ չեղողների հետ եղա օրենքի տակ չեղողի պես՝ լինելով ոչ թե առանց Աստծու օրենքի, այլ Քրիստոսի օրենքի տակ, որպեսզի շահեմ նրանց, ովքեր օրենքի տակ չեն։ ²² Տկարների հետ եղա տկարի պես, որպեսզի շահեմ տկարներին։ Ամենքի հետ եղա ամեն ինչ, որպեսզի թերևս փրկեմ ոմանց։ ²³ Այս ամենն անում եմ Ավետարանի համար, որպեսզի մասնակից լինեմ նրա տարածմանը։ ²⁴ Չգիտե՞ք, որ եթե մրցասպարեզում վազում են, բոլորն են վազում, բայց միայն մեկն է շահում մրցանակը. այնպե՛ս վազեք, որ հասնեք մրցանակի։ ²⁵ Մարզիկներն ամեն ինչում ժուժկալ են. նրանք սա անում են ապականելի դափնեպսակ ստանալու համար, իսկ մենք՝ անեղծ։ ²⁶ Արդ, ես ճիշտ այդպե՛ս եմ վազում, ոչ աննպատակ. մրցում եմ այնպե՛ս, ոչ թե օդը ծեծելով։ ²⁷ Բայց մարմինս ճնշումների եմ ենթարկում և զսպում, որպեսզի ուրիշներին քարոզելուց հետո ես ինքս անպիտան չլինեմ։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia
0:00
0:00